կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի». Ադրբեջանը սպառնացել է Հայաստանին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

«Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի». Ադրբեջանը սպառնացել է Հայաստանին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

Ադրբեջանական Caliber.Az կայքը սպառնացել է Հայաստանին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ զգուշացնելով, որ եթե Երասխում՝ Նախիջևանի սահմանի մոտ, վերսկսեն մետալուրգիական գործարանի շինարարությունը, կհայտնվեն կրակի տակ, քանի որ «Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»։

Ընդգծենք, որ Caliber.Az կայքը գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքո:

Նշվում է, թե «առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու»՝ հինգ մեքենաներով Հայաստանի կողմից մետալուրգիական գործարան է այցելել Եվրամիության առաքելության (EUMA) խումբը՝ կազմակերպության դրոշով, ինչը կայքին հայտնի է դարձել։

Ըստ կայքի տեղեկությունների՝ եվրոպացի «հետախույզ-դիտորդները» փորձում են վերսկսել մետալուրգիական գործարանի շինարարությունը, որի համար արվել են արևմտյան ներդրումներ, ինչին Ադրբեջանը դեմ է։

«Այս ուղղությամբ իրավիճակի սրումը նույնպես տեղավորվում է Հարավային Կովկասում Արևմուտքի կործանարար գործողությունների սխեմայի մեջ։ Ակնկալվում է, որ EUMA-ն իր դրոշը կբարձրացնի ատոմակայանի վրա, որպեսզի Ադրբեջանի կողմից կրակ չլինի: Մենք նրանց անմիջապես զգուշացնում ենք՝ եթե այդ վտանգավոր օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, այն կքանդվի ու կոչնչացվի՝ բոլոր նրանց հետ, ովքեր կլինեն դրա շրջագծում` հայ զինվորականներն ու եվրոպական նեոխաչակիրների հորդան, որոնք կլինեն մեր սահմաններին...

Ադրբեջանի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»,-ասված է կայքում:

 

  • Կիսվել: