ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Լուիս Բոնոն Երևանից Բաքու չի մեկնել

Լուիս Բոնոն Երևանից Բաքու չի մեկնել

ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևանից Բաքու չի մեկնել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «Բաքուն հրաժարվել է ընդունել» ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, ով մտադիր էր հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Երևան այցից հետո։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Բոնոյի՝ Ադրբեջան չայցելելու մի քանի պատճառ են նշում։

Նշվում է, թե «Ադրբեջանը չի տեսնում ԱՄՆ-ին որպես միջնորդ» և «ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անհասկանալի և միակողմանի»։

Մյուս պատճառը, ըստ ԶԼՄ-ի, Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունների ակտիվ պատրաստություն է, ինչի հետևանքով «հանդիպումը հետաձգվում է»։

Տեղի մամուլն  նաև գրում է, որ սա վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, ինչից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​և քաղաքական լարվածությունը, որը սկսվել է 2023 թվականի աշնանը (ԱՄՆ պետդեպի և Բլինքենի տեղակալ Օ'Բրայենի՝ Բաքվին քննադատող և Հայաստանին ու Արցախին աջակցող հայտնի հայտարարություններից հետո-խմբ․), դեռ պահպանվում է։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Պետդեպը աշխարհում կրոնական ազատություններին նվիրված հատուկ զեկույցում Ադրբեջանին ներառել էր «հատուկ դիտարկման տակ գտնվող երկրների» ցուցակում։

Պաշտոնական Բաքուն այս քայլը որակել է որպես «Ադրբեջանի դեմ կողմնակալության հերթական դրսեւորում»՝ հավելելով, որ երկրի ընդգրկումը կրոնի սահմանափակ ազատություն ունեցող պետությունների ցանկում ևս մեկ անգամ հաստատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու՝ Վաշինգտոնի մտադրությունների ոչ անկեղծությունը։

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջանային այցի շրջանակում Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ։

 

  • Կիսվել: