ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան

Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան

 Ադրբեջանը չի դիտարկի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բյուջեի նախագիծը հաջորդ տարվա համար` «ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի կարգով Հայաստան ուղարկելու որոշումից հետո»։ Տեղեկությունը նշված է ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչության անունից տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ում հայտարարել էին, որ հոկտեմբերի 21-27-ը փորձագետների խումբ կուղարկեն Հայաստան՝ սահմանամերձ որոշ շրջաններում իրավիճակը գնահատելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների այս առաքելությունը կազմակերպության մանդատը չունի, և դա պետք է գնահատվի որպես մասնավոր այց:

«Ադրբեջանը չի առարկել ԵՄ քաղաքացիական առաքելությւնը Հայաստանի տարածք ուղարկելու դեմ՝ որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դուրս է Պրահայում ձեռք բերված համաձայնություններից։ ԵԱՀԿ-ն բոլոր 57 մասնակից պետությունների ընդհանուր ակտիվն է։ Մենք հանդես կգանք ԵԱՀԿ փաստաթղթերի և որոշումների աղաղակող խախտման և անտեսման դեմ և դեմ կլինենք այդ կազմակերպության ներսում մնացած համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձի: Այս միակողմանի քայլը հարցեր է առաջացնում ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են այդ նպատակների իրականացմանը, և որոնք ներկայացված են 2023 թվականի բյուջեի համատեղ առաջարկի նախագծում», - նշված է հայտարարության մեջ:

Բաքվում նշել են, որ քանի դեռ ներկայիս իրավիճակը չի շտկվել և չի վերականգնվել համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին և որոշումներին, «Ադրբեջանի ներկայացուցչությունը չի դիտարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ներառյալ՝ փոստի աշխատանքային գրաֆիկները և ռեսուրսների պահանջվող ծախսերը»:

  • Կիսվել: