երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ սահմանին զորքերի կուտակման մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ սահմանին զորքերի կուտակման մասին հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կառավարության նիստում այսօր հնչեցրած հայտարարությունները։

«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և զինված ուժեր է կենտրոնացնում, Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիայի մաս են կազմում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Ադրբեջանից տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, հակառակ ստանձնած պարտավորությունների, դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։

«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ հարուցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին», - նշում է պաշտոնական Բաքուն։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:

Նրա խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցներում և տեղեկատվական հարթակներում  ավելի է  ահագնացել հակահայկական և ատելության հռետորաբանությունը։ Նա նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը։

Բացի այս, վարչապետը նաև ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։

«Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:

«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է, որ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- նշեց վարչապետ։

  • Կիսվել: