շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից. Նիկոլ Փաշինյան

Բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ազատվե՞լ են բանակում 5-րդ շարասյունից:

Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն հինգերորդ շարասյուն ասելով.  այն անձանց շրջանակն է, որի գործողություններում ու որի ընկալումներում սեփական պետության և պետության վարած քաղաքականություններն իրենց առաջնայնությունը զիջում են այլ երկրների կողմից վարվող քաղաքականություններին:

«Այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից»,-ասաց վարչապետը:

Պետական կառավարման համակարգում հնարավոր 5-րդ շարասյան առկայության վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մեծ մասամբ մեր պետական կառավարման համակարգը բավականին մեծ առաջընթաց ունի՝ պետական պաշտոնյաների գիտակցության մեջ սեփական պետականության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսակետից և սեփական պետության շահերն ու քաղաքականությունները որևէ կերպ այլ պետությունների նկատմամբ չնսեմացնելու տրամաբանությամբ»:

  • Կիսվել: