շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել՝ ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի եռօրյա ժամկետում. Ավինյան

Բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել՝ ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի եռօրյա ժամկետում. Ավինյան

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ-ին։ Եռօրյա ժամկետ է նախատեսված»,- ասաց Ավինյանը։

Ավինյանը պարզաբանեց, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ–ին հենց նմանատիպ սցենարների համար է նախատեսված` հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն փուլում, այնուամենայնիվ, մենք վերջնական արդյունքների հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը։

Նա շեշտեց, որ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաև հնարավոր վատ զարգացումներին։

«Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում` մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ»,– ասաց նա։

Ավինյանը նաև հայտնեց, որ ադրբեջանական կողմը հաստատել է խաղաղ կարգավորման տրամադրվածությունը և վստահեցրել, որ որևէ այլ չի պատրաստվում ձեռնարկել։



  • Կիսվել: