կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել․ Սարգսյան

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել․ Սարգսյան

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն։ Այս մասին «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ: Սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախյան երրորդ պատերազմին և դրա հետևանքներին։

Նրա խոսքով՝ այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող է ուղիղ պատասխանել ժողովրդին հուզող ևս երեք հարցի.

 

« - Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը:

- Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել:

- Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից:

- Այո, այսպիսի ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել:

- Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները:

- Այո, հնարավոր էր: Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության հետևանք:

 Ես 10 տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ինչ ենք մենք տալու, այլ ինչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

 

  • Կիսվել: