շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բանաձևի ընդունումն ավելին է, քան պարզապես Ղարաբաղի ճանաչման խորհրդանիշ. Վալերի Բուայե (տեսանյութ)

Բանաձևի ընդունումն ավելին է, քան պարզապես Ղարաբաղի ճանաչման խորհրդանիշ. Վալերի Բուայե (տեսանյութ)

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Սենատում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի ընդունումից րոպեներ անց, «Լուրեր»-ի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում խոսել է փաստաթղթի ընդունման և կարևորության մասին:

«Ուրախ եմ հայտնել, որ ճնշող մեծամասնությամբ՝ 305 ձայնով, բանաձևի նախագիծն ընդունվեց։ Բանաձևի ընդունումն ավելին է, քան պարզապես Ղարաբաղի ճանաչման խորհրդանիշ։ Կարծում եմ՝ սա խաղաղության գործընթացի, հայերի ինքնորոշման ճանաչման, բանակցությունների, նրանց՝ ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, Ղարաբաղի անկախության ու պաշտպանության սկիզբն է։ Արդեն պարզ է, որ առանց այս տարածքի ճանաչման Ղարաբաղը չի կարող պատշաճ պաշտպանված լինել։ Հիմա քվեարկված բանաձևն ուղարկվելու է Եվրոպայի բոլոր սենատներ և ոչ միայն:

Ղարաբաղի ճանաչումից առավել սա նշանակում է, որ Եվրոպան չի հանդուրժում այս էթնիկ զտումը, որ Ֆրանսիան, վերջապես, գործում է իր խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Այսօր դա արեց Սենատը, ինչն առաջին քայլն է։ Առաջին անգամ է, երբ Խորհրդարանը ճանաչում է Արցախի գոյությունը, դրա լեգիտիմությունը, նրա անկախությունը: Ամեն դեպքում՝ բանաձևը ճանաչում է, որ դրանք հայկական տարածքներ են, որ մարդիկ իրավունք ունեն ապրելու այս տարածքներում:

Ես կարծում եմ, որ այսօրվա որոշումը մեզ թույլ կտա ավելի հեռուն գնալ, քանի որ պետք է լինելու նոր գործընթաց սկսել: Բանաձևն  աջակցում է Մինսկի համաձայնագրերին, որոնք անհրաժեշտ է լինելու վերհանել, նաև աջակցում է Հայաստանին։ Դուք գիտե՞ք՝ ինչու է Խորհրդարանը սա արել․ քանի որ Ֆրանսիայի կառավարությունն այն չի արել։ Ֆրանսիական կառավարությունը թաքնվել է չեզոքության հետևում։ Ես հարցրել եմ կառավարությանը, արտաքին գործերի նախարարն ինձ ասաց Մինսկի խմբի չեզոքության մասին, դա իմ վերջին հարցն էր Ազգային ժողովում:

Իմ  դիրքորոշումը Սենատում հետևյալն է․ որ ուղղակիորեն պետք է ճանաչել Արցախը, պետք է պատժել Թուրքիային, պետք է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, մենք չենք կարող թույլ տալ, որ այս էթնիկ զտումը, այս ցեղասպանությունը տեղի ունենա այս անհամաչափ պատերազմում։ Հիմա կառավարությունը դա չի արել։ խորհրդարանն այս երեկո արել է մի բան, որ Ֆրանսիայի պատիվը փրկվի Սենատի շնորհիվ։

Ինչո՞ւ, քանի որ Բոսյուեն ասում էր՝ «Բռնապետերը գոյություն ունեն, քանի որ մենք ծնկի ենք իջած»։ Այսօր մենք ցույց տվեցինք, որ ֆրանսիական խորհրդարանը ծնկի չի իջել, որ այն Հայաստանի կողքին է, որը տառապում է, և որը ռազմական հանցագործությունների զոհ է։ Կարծում եմ, որ մի քանի հստակ գործ կա անելու: Առաջինը՝ գերիներին գտնելն ու վերադարձնելն է՝ մարդիկ, ովքեր այսօր խոշտանգված են, ահաբեկված՝ ազերիների, թուրքերի, ջիհադիստների կողմից։

Այնուհետև մենք պետք է մարդասիրական առումով օգնենք Հայաստանին՝ այսօր բուժել և փորձել մխիթարել այդ վիրավոր մարդկանց: Մյուս կողմից՝ մենք նաև պետք է դադարեցնենք Ադրբեջանի և Թուրքիայի բռնությունները, քանի որ Հայաստանը քաղաքակրթության կետ է Կովկասում, և, եթե լինի այնպես, որ Հայաստանը մշտապես հարձակման և սպառնալիքների ենթարկվի ազերիների և թուրքերի կողմից, դա վատ կլինի Եվրոպայում խաղաղության համար։

Ընդհուպ մինչև Ֆրանսիայի տարածքում Էրդողանը սպանել է քրդերին, մինչև անգամ Ֆրանսիայում «Գորշ գայլեր»-ը վազում էին ֆրանսիացիների հետևից, ովքեր փողոցում ցույց էին անում խաղաղության համար: Դա անընդունելի է, և, հուսով եմ, որ պառլամենտական դիվանագիտությունը թույլ կտա Ֆրանսիային արթնանալ և այնպես անել, որ Եվրոպայի մյուս երկրներն էլ արթնանան ասելու՝ «Կա՛նգ առեք»:

Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք ժողովրդավարություն, ուզում ենք օգնել մեր քույր Հայաստանին: Ես հենց դա եմ ուզում, դա այն է, ինչ մենք ուզում ենք։ Այդ իսկ պատճառով Սենատի նախագահ Ժերար Լարշերը և Բրունո Ռետայլոն նախ կփորձեն համոզել Ազգային ժողովին քվեարկել նույն բանաձևի օգտին, ինչպես նաև պատրաստվում են գրել Եվրոպայի բոլոր սենատներին, Եվրախորհրդարանին և գուցե այլ խորհրդարաններին, ինչպես, օրինակ՝ Կանադայի, Հարավային Ամերիկայի որոշ երկրներին, նաև, ինչու ոչ, Շվեյցարիայի, ինչպես նաև Ռուսաստանի: Պետք է դիմել բոլոր երկրներին, որոնք, հավանաբար, կաջակցեն մեզ այս գործընթացում, քանի որ դա համայնքային գործընթաց չէ․ դա արդարության ճանաչման և մարդկային արժանապատվության համընդհանուր գործընթաց է»:

  • Կիսվել: