երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է

Բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:

Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե ԲՈՒՀ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհ-երը իրե՞նք են թելադրում և ձևավորում աշխատաշուկան, որոնք են փոփոխականները, և որոնք են առավել մեծ ազդեցություն ունեցող գործոնները։

Հավաքագրվել են 2013-2016 թվականներին առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունված, այդ թվում՝ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բուհ տեղափոխված և 2017-2020 թվականներին ավարտած ուսանողների թվաքանակի վերաբերյալ քանակական տվյալներ:

Հավաքագրվել է նաև 2015-2017 թթ. ժամանակահատվածում մագիստրոսի կրթական աստիճանով ընդունված և 2017-2019 թթ. մագիստրոսի կրթական ծրագիրն ավարտած ուսանողների, ինչպես նաև ասպիրանտի կրթական ծրագրով 2012-2016 թվականներին ընդունված և սահմանված ժամկետում ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների վերաբերյալ վիճակագրությունը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական և միջպետական բուհերում դիպլոմավորման տոկոսը երեք տարիների համար բակալավրի մակարդակում միջինը կազմել է ընդունված ուսանողների 81%-ը կամ հանրակրթության շրջանավարտների 44,6%-ը: Այս ցուցանիշը 13,8%-ով բարձր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 30,8% ցուցանիշից։

Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների դիպլոմավորման տոկոսը, ընդունվածների համեմատ, միջինում կազմել է 76% կամ 13,75 % հանրակրթության շրջանավարտների համեմատ, որը համընկնում է ՏՀԶԿ 13,8 % միջին ցուցանիշին։ 2013-2014թթ. ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով պետական և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 1533 անվճար տեղ, որից 44,3%-ը հատկացվել է բնական գիտություններին, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա (բգտճմ) մասնագիտություններին:

Համապատասխանաբար՝ 2014-2015, 2015-2016 և 2016-2017 ուս․ տարիների 1588, 1584, 1682 տեղերից բգտճմ մասնագիտություններին հատկացվել է անվճար տեղերի 43,6%-ը , 43,4 %-ը, 41,2% -ը: Ներկայում այս ցուցանիշը կազմում է շուրջ 50%: ԿԳՄՍ նախարարությունը մեխանիզմներ է մշակում այդ ցուցանիշը հօգուտ ԲՏՃՄ մասնագիտությունների բարձրացնելու ուղղությամբ։

Հետազոտության մեջ որպես խնդիր նշվում է այն, որ Հայաստանում որոշ մասնագիտություններ տարիներ շարունակ ունեցել են հասարակական պահանջարկ՝ համաշխարհային միտումներին հակառակ։ Այդ մասնագիտութուններով մասնագետներ պատրաստվել են բավականին մեծ թվով, օրինակ՝ հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ տարեկան ավարտում է մոտ 430 ուսանող, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 3%-ը, այն դեպքում, երբ տեխնոլոգիական զարգացման հետևանքով այս մասնագիտության պահանջարկը աշխարհում կտրուկ նվազում է։

Մեկ այլ օրինակ` մանկավարժի որակավորում է ստանում տարեկան մոտ 1772 շրջանավարտ, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 13%-ը։ Սա այն դեպքում, երբ մանկավարժի թափուր տեղերի պահանջարկն առկա է հիմնականում սահմանամերձ գյուղերում, այն էլ այն պատճառով, որ շրջանավարտներն ուղղակի չեն ցանկանում աշխատել հեռավոր գյուղերում՝ նախընտրելով ոչ մասնագիտական աշխատանքը մայրաքաղաքում:

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ բուհ-երում ընդունելության 29%-ը իրականացվում է չորս մասնագիտությամբ՝ մասնագիտական մանկավարժություն, տնտեսագիտություն, կառավարում և իրավագիտություն։ Այս մասնագիտությունները հասարակագիտական ոլորտում են և բգտճմ մասնագիտությունների համեմատ՝ շատ ավելի քիչ ծախսատար են։

Ցածր ծախսատարության պատճառով բուհ-երից շատերը գերադասում են կրթություն իրականացնել հենց այս մասնագիտություններով։ Իսկ այնպիսի մասնագիտություններից, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ՝ վիճակագրություն, տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանություն, բուհ-երում պատրաստում են քիչ թվով մանագետներ. դրանց հանրագումարը կազմում է տարեկան 473 շրջանավարտ (բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտների 3,7%-ը):

Տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության, մարդկանց ցանկությունների ալգորիթմների զարգացման հեռանկարի պայմաններում այս մասնագետները ապագայում ունենալու են մեծ դեֆիցիտ ոչ միայն աշխատաշուկայում, այլև զարգացող աշխարհում։

  • Կիսվել: