չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Բագրատ Գալստանյանը պետք է շատ երկար մնա փողոցում, ինքն ու իրեն սատարող ուժերը պիտի մաշվեն փողոցում․ Ալեն Սիմոնյան

Բագրատ Գալստանյանը պետք է շատ երկար մնա փողոցում, ինքն ու իրեն սատարող ուժերը պիտի մաշվեն փողոցում․ Ալեն Սիմոնյան

Բագրատ Գալստանյանը շատ երկար պիտի մնա փողոցում, ինքը պիտի մաշվի փողոցում։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեզ սադրել պետք չէ, ինքն էնքան է մնալու փողոցում... Այն ուժերն ու մարդիկ, ովքեր իրեն սատարում են, նույնպես մնալու են փողոցում, մասնավորապես, Գարեգին Բ–ն և մնացած ուժերը մաշվելու են հին կոշիկի պես»:

Անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լուսաձայնայն նռնակներ ցուցարարների ուղղությամբ նետելուն և դրա օրինաչափությանը՝ ԱԺ նախագահն ասաց. «Այն բանը, որ ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա, այն բանը, որ ջարդուխուրդ են արել Սիրահարների այգին, բավարար առիթ չէ՞, որ ոստիկանությունը կարգի հրավիրի այդ մարդկանց։ Այսինքն՝ ոստիկանությունն է հարձակվե՞լ ժողովրդի վրա, ո՛չ, Բագրատ Գալստանյանի կոչով և ներսի պատգամավորների հրահրմամբ, երբ գալիս հարցեր են հերթագրվում ու ղժղժում և վիրավորում են, այդ ամենը կազմակերպված սադրանք էր։ Բնական է, եթե հարձակվում են ոստիկանության վրա, ապա ոստիկանությունը պետք է պաշտպանվի։ Որևիցե մեկը, բացի այն անձից, որը վերցրել է նռնակը, որ հետ շպրտի, որևիցե մեկը շատ լուրջ վնասվածք չի ստացել։

Գործողությունը տեղի է ունեցել շատ փոքր հատվածում, և ժողովրդի լայն մասսան, որը հավաքված է եղել Դեմիրճյանի կողմից և հրել ու հարձակում է իրականացրել ոստիկանության վրա, այդ ուղղությամբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակ չի օգտագործել, այլ օգտագործել է այն ուղղությամբ, որտեղ որ պետք է օգտագործեր։ Ոստիկանությունն այլ տեղ էլ չուներ օգտագործելու, նետեր ԱԺ բա՞կ։ Շատ են նետել, որովհետև հարձակվել են ոստիկանության վրա»։

ԱԺ նախագահը վստահ է, որ քաղաքացիներն են հարձակվել ոստիկանների վրա, այդպիսով էլ որոշվել է անցնել հատուկ միջոցների կիրառման:

«Դու գնում ու հարձակվում ես ուժային կառույցի վրա, ու նեղսրտում ես, որ լուսաձայնային նռնակ են նետո՞ւմ։ Ոստիկաններին քարերով հարվածում ես, ու նեղսրտում ես, որ ուժային կառույցը հատուկ միջոց է օգտագործո՞ւմ»,-նշեց նա:

Սիմոնյանն ընդգծեց, որ, իր գնահատմամբ, ցուցարարները պատրաստվում էին գրավել ԱԺ շենքը. «Նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, ոստիկանությունը թույլ չտվեց։ ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։ Սուտ են ասում, որ ասում են, թե ԱԺ շենք գրավելու նպատակ չի եղել։ Նպատակը եղել է շենքը գրավելն ու հարձակում գործել ՀՀ վարչապետի, ԱԺ պատգամավորների և ԱԺ նախագահի վրա. դա իմ գնահատականն է։ Իրենց հայտարարություններից ելնելով եմ կարծում, որ ուզում էին ԱԺ շենք մտնել»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի։

«Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի, վստահում է։ Որևիցե պատճառ հրաժարական քննարկելու մենք չենք ունեցել, չունենք։

Այստեղ միակ խնդիրն ընդդիմությունն է, ոտից գլուխ խնդիր են։ Իրենք հերթական Վազգեն Մանուկյան 2-րդ-ն արեցին, ուղղակի, Վազգեն Մանուկյանի տեղը գնացին Բագրատ Գալստանյանին բերեցին։ Բացի դրանից, ոչ մի բան չի փոխվել»,-նշեց նա:

  • Կիսվել: