ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բացահայտ սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ բանակցային գործընթացին ամբողջությամբ տիրապետելու Փաշինյանի հայտարարության մասին

Բացահայտ սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ բանակցային գործընթացին ամբողջությամբ տիրապետելու Փաշինյանի հայտարարության մասին

Հ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ բացահայտ սուտ է վարչապետ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը տիրապետում է բանակցային գործընթացի ամբողջ ինֆորմացիային: Այս մասին ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող հարցազրույցի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:

՛՛Այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է: Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ: Սա շատ կարևոր հանգամանք է՛՛,-նշեց ՀՀ երրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ ինքն ու նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով, տարիներով քննարկում էին հարցերն այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին:

՛՛Եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով հանդերձ, որ չկա բանակցային պրոցես՛՛,-նշեց նա:

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե՝ մինչև որ Լավրովը գաղտնազերծեց այն, Սարգսյանն արձագանքեց. ՛՛Այո, բայց մինչ Լավրովի գաղտնազերծելը, մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ երբ որ, այո, արտգործնախարար Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը՛՛:

  • Կիսվել: