հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արցախում դիտորդություն իրականացնող ՀԿ պատասխանատուն անթույլատրելի պահվածք է ցուցաբերում

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արցախում դիտորդություն իրականացնող ՀԿ պատասխանատուն անթույլատրելի պահվածք է ցուցաբերում

Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ​​ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ: Այս մասին գրում է «Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ Արևիկ Պետրոսյանը։

Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի եւ հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ի՞նչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ի՞նչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը:

Պարոն Փաշինյան, Ձեզ, որպես ՀՀ իշխանության պատասխանատուի, ով անցած տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդին խոստացել է ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինել, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ եւ կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի: Լիահույս եմ, նամակս անուշադրության չեք մատնի:


  • Կիսվել: