շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. այն ձևավորվում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից

ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. այն ձևավորվում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից

Կուսակցությունները և դաշինքներն իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով: Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 800 մլն դրամ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել միայն կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցություններն իրենց պաշտոնական հաշվեհամարներից:

«Կուսակցություններն իրենց հաշվեհամարներում այդ գումարը կարող են ունենալ, ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից: Ամեն ՀՀ քաղաքացի 1 տարվա ընթացքում կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել 10 մլն դրամից ոչ ավելի գումար:

Ավելին, ՔՕ-ն կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ օրենքի այս կարգավորումը շրջանցվում է, այսինքն՝ երբ 1 անձն այլ անձանց միջոցով փորձում է 10 մլն դրամից ավելի գումար նվիրաբերել կուսակցությանը»,- ասաց նա:

ԿԸՀ նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց՝ կուսակցություններն իրենց հաշվին պետք է գումար ունենան՝ նվիրաբերված ՀՀ քաղաքացիների կողմից, որպեսզի այդ գումարը կարողանան փոխանցել նախընտրական հիմնադրամին: Այս կարգավորումը շրջանցելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ են նախատեսվում:

  • Կիսվել: