ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում

ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում

Շարունակվում է հայ-գերմանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա: Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրին վերաբերող հարցերը եւ գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները:

Գրոսե-Բրյոմերին ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության եւ Հայաստանում նրանց սոցիալական ու տնտեսական ներգրավման հարցերը եւ այդ համատեքստում անդրադարձել Գերմանիայի հնարավոր աջակցությանը:

Գերմանիայի Բունդեսթագ այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ֆինանսական, արտաքին եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի անդամների հետ:

Բունդեսթագի տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանը հանդես է եկել ներածական խոսքով եւ ողջունել հյուրերին՝ նշելով, որ դեռ 1991 թվականից Հայաստանն արեւելյան քաղաքականության ակտիվ հետեւորդ է: Նա ընդգծել է, որ Հայաստանին ընկալում են որպես գործընկեր: Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հարյուր հազարից ավելի բռնի տեղահանվածների փաստը՝ Քրիստոֆ Հոֆմանը մտահոգություն է հայտնել, որ խնդիրները լուծվում են ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել ընդլայնված մեծ կազմով հանդիպման հնարավորության համար: Նա ներկայացրել է ՀՀ-ում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրվածությունը, բարձր գնահատել Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը եւ հասցեական հայտարարությունները: Որպես իրավիճակի հաղթահարման ճանապարհ՝ Գեւորգ Պապոյանը կարեւորել է ՀՀ տնտեսության զարգացումը: Բարձր գնահատելով Գերմանիայի փորձի ու աջակցության անհրաժեշտությունը Հայաստանին՝ ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, ինչպես նաեւ Գերմանիայի օժանդակությամբ Հայաստանի եւ Գերմանիայի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները կթեւակոխեն նոր փուլ: Նա շեշտել է, որ փոխադարձ շահութաբեր տնտեսական հարաբերությունների կարելի է հասնել երկուստեք ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ավարտին ԱԺ պատվիրակության անդամներ, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել են Բունդեսթագի պատգամավորների հարցերին:

Հարցերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի սոցիալական պաշտպանության մեխանիզմներին, տարածաշրջանային իրավիճակին, ճանապարհների ապաշրջափակման հնարավորություններին, խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություններին եւ այլն:

  • Կիսվել: