կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ պատգամավորներն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը վերաբերող հարցեր

ԱԺ պատգամավորներն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը վերաբերող հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանձնաժողովի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ֆրանսիական կողմին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին շարունակաբար աջակցելու եւ սատարելու համար: «Մեր երկու երկրներն ունեն երկարամյա բազմաբեւեռ ամուր եւ առանձնահատուկ հարաբերություններ: Դրա վառ ապացույցն է օրեր առաջ հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին մտադրությունների նամակի ստորագրումը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ու հայ բնակչության բռնի տեղահանությանը՝ նշվել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, եւ տեղի ունեցածը եռակողմ պայմանագրի չկատարման հետեւանք է:

Դեսպանը վերահաստատել է բարեկամ երկրի տեսակետը եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ուժի կիրառման հետեւանքով է տեղահանվել: «ԼՂ բնակչության բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 9-ամսյա պաշարումից հետո: Կարեւոր է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանն այս քայլին գնաց Ռուսաստանի Դաշնության մեղսակցությամբ եւ Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ»,- ասել է դեսպանը:

Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարեւորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցն ու շեշտել, որ այդ հարցում ՀՀ-ն միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի:

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին էր ինչպես ԼՂ շրջափակման 9 ամիսներին, այնպես էլ դրանից հետո:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու խնդրել այն իրականացնելու հարցում միջազգային գործընկերների աջակցությունը: Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանն էլ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերի 19-ից հետո անհրաժեշտություն է առաջացել ապահովել ԼՂ հայության վերադարձն ու անվտանգությունը: Նա կոչ է արել, որ միջազգային գործընկերները հասցեական կոչեր հնչեցնեն:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, ԼՂ-ից բռնի տեղահանվածների ինտեգրմանը եւ ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: