կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են  քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի սահմանման  եւ փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաեւ դրույթներ, որոնք ուղղված են քաղաքացիություն չունենալու հանգամանքը ստեղծող պայմանները կանխարգելելուն: Նախագծով սահմանվում է քաղաքացիության դադարեցման, անչափահասների եւ չափահասների քաղաքացիության դադարեցման ընթացակարգերի իրավական տարբերակում մտցնելու հարցը:

 Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծի մասին պատգամավորների  հարցերին է պատասխանել  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել:

 Քննարկված օրենքների նախագծերին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: