ԱԺ նիստերից բացակայած պատգամավորները մոտ 30 մլն դրամ կստանան՝ ոչինչ չանելու դիմաց. Թունյան
Մայիս ամսվա ընթացքում մեր ընդդիմադիր գործընկերները ԱԺ չեն եկել, մեկ անգամ եկել են Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Ինչ-որ միջոցառում փորձեցին կազմակերպել ու գնացին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
"Իմ հաշվարկներով՝ դա կլինի մոտավորապես 17 մլն դրամ գումարած պատգամավորական հավելավճարները, մոտավորապես 8 մլն դրամ, այսինքն՝ 25 մլն դրամ մեր ընդդիմադիր պատգամավորները ստանալու են մայիս ամսվա իրենց աշխատանքի համար",- ասել է նա:
Թունյանը հիշեցրեց, որ պատգամավորներն ունեն գործառույթներ, որոնք հայեցողական չեն, օրինակ՝ հանձնաժողովի նիստեր կազմակերպելը, քննարկումները և այլն, ինչն ընդդիմադիրները չեն արել:
"Մեր ընդդիմադիր գործընկերներն այդ գործունեության մասին և իրենց պատգամավոր լինելու մասին հիշում են այն ժամանակ, երբ փորձում են ներխուժել պետական հաստատություններ, կամ ոստիկանի հետ խոսելիս հիշեցնում են, որ իրենց հետ պատգամավոր է խոսում, և, իրենց տրամաբանությամբ, եթե փողոցում խցանումներ առաջացնելու, անկարգություններ հրահրելու կամ ուրիշ միջոցառումներ կազմակերպելը պետք է վարձատրվի պետական բյուջեից, ուրեմն այդ երկու խմբակցություններից բացի նաև այնտեղ հավաքված մյուս քաղաքական ուժերին էլ նույնպես կարելի է վարձատրել, ստանալու են մոտ 30 մլն դրամ առանց ոչինչ անելու",- նշել է Թունյանը:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշ պատգամավորներ բացակայությունների պատճառով կարող են կորցնել մանդատը: Խոսքը 10 պատգամավորի մասին է: Բացակայողներից մեկը բժշկի թուղթ է ներկայացրել, սակայն ԱԺ-ից անունը չեն հայտնում:
Արթուր Վանեցյան՝ 115, Արմեն Չարչյան՝ 153, Գեղամ Մանուկյան՝ 129, Անդրանիկ Թևանյան՝ 105, Ասպրամ Կրպեյան՝ 103, Արմեն Ռուստամյան՝ 102, Իշխան Սաղաթելյան՝ 101, Լիլիթ Գալստյան՝ 99, Արթուր Ղազինյան՝ 99, Վահե Հակոբյան՝ 98:
Երկրի բարձագույն մարմնի ներկայացուցիչները ժողովրդի տված մանդատից կարող են զրկվել միայն Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայաստանի Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Մայր օրենքն ԱԺ մեկ նստաշրջանը համարում է, օրինակ՝ հունվարից-հունիս ժամանակահատվածը:
Պատգամավորական լիազորությունների դադարեցման համար պետք է լինեն նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հիմքերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածում ամրագրված է, եթե պատգամավորը յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ խորհրդում առանձին-առանձին քննվում է պատգավորների բացակայությունների հարցը, և որոշում կայացնելու դեպքում ԱԺ նախագահը դիմում է Սահմանադրական դատարան: ԱԺ խորհուրդը եթե որոշում չկայացնի, ՍԴ կարող են դիմել պատգամավորների ձայների 1/5-րդով: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով՝ հարցը պետք է քննվի առավելագույնը դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:



