հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ նախագահը կարող է պատգամավորին մեկ տարով զրկել գործուղում մեկնելուց. նոր նախագիծ (տեսանյութ)

ԱԺ նախագահը կարող է պատգամավորին մեկ տարով զրկել գործուղում մեկնելուց. նոր նախագիծ (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Խոսքը վերաբերում է Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու կարգին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, գրում է armlur.am-ը:

Նշենք, որ գործող կարգավորումներով պատգամավորական էթիկայի քննարկման եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձեւավորվել միայն կոնկրետ հարցով մինչեւ երկու ամիս ժամկետով (մինչեւ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ) խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: 7-րդ գումարման Ազգային ժողովում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել: Սակայն անգամ հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում

Ուշագրավ է, որ այս փոփոխություններով, նրանք ԱԺ նախագահին լիազորում են՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»:

ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը:

 

  • Կիսվել: