հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ին հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ հանդիպմանը զրույց է ծավալվել 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների, ինչպես նաև մի շարք ոլորտներում նախատեսվող առաջնահերթ օրենսդրական բարեփոխումների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ Դեյմըն Ուիլսընը ներկայացրել է Հայաստանի և հատկապես ԱԺ-ի հետ նախատեսվող համագործակցության ծրագրային հիմնական ուղղությունները: Այս համատեքստում քննարկվել են ԱԺ-միջազգային կառույցներ-քաղաքացիական հասարակություն համագործակցության ձևաչափին առնչվող հարցեր: Ամերիկյան գործընկերները կարևորել են Հայաստանում ազատ մամուլին և ժողովրդավարության արժեքներին միտված նախաձեռնությունները՝ նշելով, որ շարունակելու են ծրագրային, մեթոդական և այլ աջակցություն ցուցաբերել:

Միջազգային հեղինակավոր մեկ այլ՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միթչելի հետ հանդիպման զրույցի հիմնական թեման խորհրդարանում կանանց և երիտասարդ քաղաքական գործիչների ընդգրկվածությանն է առնչվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակներում քաղաքացիների հետ պատգամավորների կապերի հաստատման և քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ NDI-ի խորհրդարանական ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Նրա խոսքով՝ խորհրդարան-ընտրող կապն այդ ծրագրի արդյունքում համակարգվում է: Զրուցակիցներն անդրադարձել են նաև NDI-ի կողմից ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության և հաղորդակցության աջակցության հարցերում շարունակական օժանդակությանը:

Միջազգային ժողովրդավարական երկու կառույցների հետ քննարկվել են նաև համավարակի և հետպատերազմյան իրադրության պարագայում հետագա համագործակցության ոլորտային և ծրագրային առանձնահատկությունները:

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը «Հյումն Րայթս Ուոչ» (Human Rights Watch) կազմակերպության Վաշինգտոնի տնօրեն Սարահ Հոլեվինսկիի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: