չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

Ազգային ժողովն այսօր գրեթե միաձայն ընդունեց նախօրեին քննարկված մի շարք օրենքների նախագծեր և մեկ համաձայնագիր։

Մասնավորապես, խորհրդարանը 110 «կողմ» ձայներով ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, 113 կողմ ձայներով` «Օզոնի շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքներին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը (կողմ` 114), «Պետական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (կողմ` 111):

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Պետական պարգևների ևպատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (113` կողմ), 93 կողմ, 12 ձեռնպահ ձայներով՝ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Բացի այդ, Ազգային ժողովը վավերացրեց «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրով ԱՊՀ շրջանակում կամրապնդվի ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունը և կբարձրանա դրա արդյունավետությունը:

Նշենք նաև, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Խորհրդարանն այն մերժեց հեղինակների՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի առաջարկով։

  • Կիսվել: