երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԱԺ-ն քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասաց Դումանյանը:

Նախարարը նշեց, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին:

«Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Առաջարկվել է նաև բուհի ռեկտորի ընտրության նոր մեխանիզմ: Բուհի ռեկտորը ընտրվում է կառավարման խորհրդի կողմից ընտրանքային կարգով: Ընտրանքային փուլին մասնակցած և փակ, գաղտնի քվեարկությամբ մրցույթը հաղթահարած մինչև 3 թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջադրվել լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը կնքում է 5 տարի ժամկետով սահմանված նմուշի պայմանագիր»,- նշեց Դումանյանը՝ ընդգծելով, որ բուհում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ քաղաքական մարմնի ղեկավար անդամ:

 

  • Կիսվել: