ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարչական վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու խնդիրը կարգավորող նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարչական վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու խնդիրը կարգավորող նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է՝ այն դեպքում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ, ի վերջո ծանուցումը հնարավոր լինի տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ վարչական մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին, որպեսզի պահպանվեն նրանց՝ օրենքով սահմանված իրավունքները և ազատությունները:

Սակայն վարչական վարույթի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են՝ վարչական վարույթի մասնակցի բացակայությունը և վերջինիս պատշաճ ծանուցման անհնարինությունը:

«Ծանուցումները փոստային ծառայությունների կողմից երբեմն վերադարձվում են մի շարք պատճառներով, օրինակ՝ շատ հաճախ «չպահանջված» նշագրումով, որի դեպքում պարզ է, որ վարույթի մասնակիցը ծանուցագիրը կարող է չստանալ:  Երբեմն դա արվում է միտումնավոր՝ խուսափելով ծանուցագրի ստացման հետևանքներից:

Վարչական վարույթի մասնակցի պատշաճ չծանուցվելու հետևանքով վերջինիս բացակայության հիմքով վարչական վարույթը կասեցվում է: Այդ հիմքով կասեցված վարչական վարույթը վերսկսվում է կասեցման հիմք դարձած հանգամանքների վերանալուց հետո, բայց ոչ ավել, քան 60 օրը լրանալը»,- ասաց Պապոյանը:

Կասեցման ընթացքում վարչական մարմինն օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, չի կարողանում 60-օրյա ժամկետում հայտնաբերել վարչական վարույթի հասցեատիրոջը, սակայն հետևելով օրենքի պահանջին՝ վերսկսում է վարչական վարույթը և իրականացնում օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Հասցեատիրոջը չհայտնաբերելու պայմաններում, նշված գործողությունների ընթացքում վարչական մարմինը չի կարողանում հասնել օրենքով հետապնդվող նպատակին՝ վարչական ակտի ընդունմանը, և ևս մեկ անգամ կասեցնում է վարչական վարույթը, որի արդյունքում վարչական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ծախսեր: Բացի այդ, ավելանում են չկատարած պարտավորությունների համար օրենքով հաշվարկվող տույժերը, որը չի բխում նույնիսկ վարչական վարույթի մասնակցի շահերից:

Գործնականում խոչընդոտներ են առաջանում նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում, երբ գործի քննությունն իրականացնող իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կրում է պարտականություն՝ գործի քննությունն իրականացնել միայն իրավախախտում կատարած անձանց՝ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցումն ապահոված լինելու պայմաններում:

Վարչական մարմինները՝ որպես վարչական պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում հաճախ հնարավորություն չեն ունենում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացումը: Նման պայմաններում վարչական ակտերի ընդունմամբ եզրափակվող վարչական վարույթները կարող են ընթանալ օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ:

«Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, հետևյալ հանգամանքների առկայության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված սահմանված ժամկետները խախտելը:

Գործնականում բազմաթիվ են դատական ակտերը, որոնցով անվավեր են ճանաչվել վարչական մարմինների կողմից ընդունած վարչական ակտերն այն հիմքով, որ վարչական մարմինները խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետները»,- ասաց Պապոյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: 

  • Կիսվել: