չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Իսրայելին հաջողվել է Իրանին զրկել միջուկային զենք ստանալու հնարավորությունից. Նեթանյահու

Իսրայելին հաջողվել է Իրանին զրկել միջուկային զենք ստանալու հնարավորությունից. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 24-ին հայտարարել է, որ Իրանն Իսրայելի հետ հակամարտության արդյունքում մնացել է առանց միջուկային զենք մշակելու հնարավորության։ Այս մասին հաղորդել է Ynet-ը։

«Տասնամյակներ շարունակ ես խոստացել եմ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և մեր մարտիկների հիանալի գործողությունների շնորհիվ մենք խափանեցինք իրանական միջուկային նախագիծը։ Եթե որևէ մեկը փորձի այն վերականգնել, ապա մենք նույն վճռականությամբ և կարողությամբ կգործենք նման փորձը խափանելու համար։ Իրանը միջուկային զենք չի ունենա», - ասել է Նեթանյահուն։

Վարչապետի խոսքով՝ Իսրայելը վերացրել է Իրանից իրեն ուղղված «երկու գոյաբանական սպառնալիք»՝ «միջուկային ռումբերով ոչնչացվելու սպառնալիքը և 20 000 բալիստիկ հրթիռներով ոչնչացվելու սպառնալիքը»։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելը պաշտպանելու և «իրանական միջուկային սպառնալիքը» վերացնելու համար։

«ԱՄՆ-ն միացել է մեզ ոչ միայն պաշտպանության, այլև հարձակման հարցում, և սա պատմական իրադարձություն է։ Այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել», - ընդգծել է վարչապետը։

Միևնույն ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է, որ Իսրայելի առջև առաջվա նման ծառացած է ՀԱՄԱՍ խմբավորմանը հաղթելու և պատանդներին ազատ արձակելու խնդիրը։

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։

 

  • Կիսվել: