ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Աթենքում կարևորել է աշխատանքը լրատվամիջոցների համար բաց և թափանցիկ դարձնելը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի հերթական նիստին, որը գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին զուգընթաց:
Քննարկվել են COVID-19-ը համավարակի ընթացքում աշխարհի տարբեր խորհրդարանների աշխատակազմերի գործունեության փոփոխված ընթացակարգերը, կիրառված նոր մոտեցումները, որոնք իրականացվել են՝ ապահովելու օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը:
Խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներներն իրենց դիրքորոշումներն են հայտնել կիրառվող ընթացակարգերը համավարակի ավարտից հետո պահպանելու նպատակահարմարության վերաբերյալ: Որոշ խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներ նշել են, որ իրենց խորհրդարաններն աշխատել են հեռավար կամ հիբրիդային եղանակով:
Անդրադարձ է եղել կառույցներում էլեկտրոնային եղանակով աշխատանքի կազմակերպմանը, խոսվել է խորհրդարաններում թվային ծրագրերի առավել արդյունավետ կիրառման մասին:
Կարեւորվել են համավարակի ընթացքում քաղաքացիների հետ շփումները, խորհրդարանական աշխատանքը լրատվամիջոցների համար բաց եւ թափանցիկ դարձնելը:
Քննարկվել է COVID-19-ի ընթացքում արտերկրյա այցերի սահմանափակման հարցը, ինչն ազդեցություն է ունենում խորհրդարանական դիվանագիտության, միջազգային համագործակցության զարգացման վրա:
Համաժողովին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը: