չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը

Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները, որոնք կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, կազատվեն ավելացված արժեքի, ակցիզային և բնապահպանական հարկերից։

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը։

«Այս նախագծով նախատեսվում է, որպեզի կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ԵԱՏՄ անդամ համարվող երկրներից ներմուծվող և այնուհետև երեք պետական կառավարման մարմիններին՝ Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների։ Մասնավորապես, նախատեսվում է այս ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է ակցիզային կամ բնապահպանական հարկով հարկման, ապա՝ նաև նշված հարկերից»,- ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Պայմանն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը այդ ապրանքները հանձնվեն նշված գերատեսչություններին և այդ հանձնումը ամրագրվի հաշվարկային փաստաթղթերով։ Իսկ եթե հանձնողը կլինի սովորական քաղաքացի, ոչ բիզնես կազմակերպություն, ապա կարող է հանձնումն իրականացնել նաև ոչ հաշվարկային փաստաթղթերով, ցանկացած վավեր փաստաթղթով։

«Օբյեկտիվ հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ միայն ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներկրումների մասով։ Փորձեմ ներկայացնել պատճառը՝ երբ ներմուծումը կատարվում է երրորդ, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, այստեղ կա շատ կիրառական ու արդյունավետ միջոց՝ նորից այս ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար։ Եվ այդ միջոցը հետևյալն է՝ ներմուծողը, լինի դա կազմակերպություն, թե ֆիզիկական անձ, կարող է ներկայացնել «հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգին համապատասխանող հայտարարագիր և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից»,- հավելեց Արման Պողոսյանը։

  • Կիսվել: