չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԺ ամբիոնից մեծախոսությանը զուգահեռ զորամասում եռամսյա հավաքի մասնակիցները կրում են կարմիր աստղով 1942-43թ.-ի սաղավարտ․ Գեղամ Մանուկյան

ԱԺ ամբիոնից մեծախոսությանը զուգահեռ զորամասում եռամսյա հավաքի մասնակիցները կրում են կարմիր աստղով 1942-43թ.-ի սաղավարտ․ Գեղամ Մանուկյան

 «Հայաստան» խմբակցությունը իշխանության կողմից ներկայացված զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում, իսկ պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրումը համարում է դետալային և խնդրահարույց:

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երկու տարի իշխանությունը խոսում է զինված ուժերի բարեփոխման ռազմավարության մասին: 2022 թվականի փետրվարին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե պատրաստ է ռազմավարությունը, որոշ բաներ դուրը չեն գալիս, հետ է ուղարկել լրամշակման, բայց արդեն նոյեմբերն է, իսկ գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ, և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխում է իրականացվում»,- նշեց Մանուկյանը:

Ըստ պատգամավորի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը, ինչպես նշում է իշխանությունը իր հիմնավորումներում, չի հաջողել:

««Ես եմ» ծրագիրը  գործարկվել է 2017 թվականի դեկտեմբերին և 2018 թվականին առաջին իսկ քայլերն են արվել դրա շրջանակներում: Հայաստանում 4 տարի եղել է այս իշխանությունը, նշանակում է այս իշխանությունը իր նշանակած պաշտպանության նախարարներով և զինվորական վերնախավով տապալել է «Ես եմ» ծրագիրը և հիմա նոր ծրագիր է առաջ բերում, որը ինքնին խնդրահարույց է։

Օրերս առիթ ունեցա հրապարակել, որտեղ զորամասում եռամսյա հավաքի մասնակիցների հանդերձանքի շարքում կարելի է տեսնել 1942-43թ.-ի սաղավարտ, վրան էլ՝ կարմիր աստղ։ ԱԺ ամբիոնից մեծախոսությանը զուգահեռ զորամասում կրում են կարմիր աստղով սաղավարտ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ-ն զգուշացնում են, որ չխոսենք բահի ու քլունգի մասին, բայց ցանկացած մարդ, ով առնչվում է առաջնագծին, տեսում է, որ բացակայում է բահն ու քլունգը»,- ասաց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ  «Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է բարեփոխումների իր առաջարկները:

«Մեր զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը բացակայում է, որը կենացային մակարդակով Ազգային ժողովի ամբիոնից փորձում են փոխլրացնել իշխանության ներկայացուցիչները»,- եզրափակեց Մանուկյանը:

  • Կիսվել: