չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ 2020-ի տարեկան հաղորդումը

Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ 2020-ի տարեկան հաղորդումը

2020 թվականին, ինչպես նաև 2019-ին իշխանությունները հիմնականում հավատարիմ են մնացել իրենց հռչակած սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին: 2020 թվականի ընթացքում Կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքները սահմանափակելու, հեռարձակողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծեց, որ շարունակվել է  հաշվետու տարում հեռարձակող ընկերությունների ազատ առքուվաճառքը, ինչը նախկինում հնարավոր չէր. այդ ամենը կոշտ վերահսկողության տակ էր:

«Հեռարձակողների կողմից ստացված բողոքների մեծ մասը վերաբերել է երկու խնդրի: Առաջինը՝ COVID-19-ի համաճարակի բռնկման առաջին ամիսներին լրագրողների տաղավարներում և հաղորդավարների դիմակ կրելու պարտադիր պայմաններն էին եթերի ժամանակ»,- ասաց Հակոբյանը:

«2020 թվականի ընթացքում մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունները ընդհանուր առմամբ տվել են 60.304 րոպե Կառավարության կողմից տրամադրված հոլովակներ անվճար, իսկ ռադիոներ՝ը 86.100 րոպե: Դա էական նշանակություն ուներ քաղաքացիների իրազեկման համար»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ անհասկանալի էր, որ այդ սահմանփակումների կիրառման հարցում հանձնաժողովին անհրաժեշտ լիազորություններ չէին տրվել, այլ տրվել էին մի ուժային կառույցի, որը, Հակոբյանի խոսքով, չի հասկանում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները:

Տիգրան Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ  յուրաքանչյուր տարվա վերջին գրավոր դիմում են բոլոր հեռարձակողներին՝ խնդրելով ներկայացնել այն բոլոր դժգոհությունները, որ նրանք ունեն իշխանություններից՝ գործադիր, դատական, օրենսդիր:

«Մյուս գանգատը եղել էր, որ որոշ պաշտոնական անձինք, այդ թվում՝ նաև պատգամավորներ, խտրական, անհարգալից, երբեմն արհամարհական սպառնալիքներով համեմած վերաբերմունք են դրսևորում և՛ լրագրողների, և՛ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասաց Հակոբյանը՝ նշելով՝ գտնում են, որ դա անթույլատրելի է, բայց նաև համարում են, որ  բացասական այդպիսի դրսևորումները համակարգված բնույթ չեն կրել  և չեն վտանգել լրատվամիջոցների ազատությունը և անկախությունը: 

«Մեր կարծիքով՝ այդ ազատությունը և անկախությունը նախորդ տարի ավելի շատ վտանգել են COVID-19-ի համավարակը և Ղարաբաղյան պատերազմը, որովհետև լրատվամիջոցների եկամուտների կտրուկ նվազումը շատերին կախվածության մեջ է դրել տարբեր քաղաքական ուժերի և ֆինանսական խմբավորումների ներքո: Այդ վտանգները, ցավոք, որևէ անգամ չեն հաշվառվում և չեն ներկայացվում»,- ասաց Հակոբյանը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն ասաց նաև՝ դժվար է պաշտպանել ժողովրդավարական նորմերը արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են  համավարակը և պատերազմը: Նա նշեց, որ դրական եզրակացությունը, այնուամենայնիվ, չի նշանակում, թե հանձնաժողովն այդ ոլորտում ազատության վիճակը համարում է բավարար:

«Մեր հանձնաժողովի սահմանափակ հնարավորությունները և լիազորությունները, տեղեկատվական հստակ քաղաքականության բացակայությունը լուրջ խոչընդոտ են հանդիսանում կայուն համակարգ ստեղծելու գործում, որը կսպասարկեր հանրային շահը»,- ասաց Հակոբյանը:

  • Կիսվել: