«Ազգային առաջընթաց» կուսակցությունը դատական կարգով կվիճարկի Երվանդ Քոչար փողոցի բակային կանաչապատ տարածքներից մեկի կառուցապատման քաղաքապետարանի որոշումը
«Ազգային առաջընթաց» կուսակցության իրավաբանական թիմը Երվանդ Քոչար 13 և 19-ը շենքերի բնակիչների խնդրանքով դատական կարգով կվիճարկի միջշենքային կանաչապատ տարածքներից մեկի կառուցապատման քաղաքապետարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը։
Ինչպես InfoPort.am-ը տեղեկացրել էր ավելի վաղ, նշված շենքերի միջբակային կանաչապատ խաղահրապարակը նախկին «արդարության առաջամարտիկ» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեթև ձեռամբ վերածվել է շինհրապարակի։ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում իր վերջին որոշումներից մեկով շինարարական թույլտվություն է տվել Արամբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի բնակչուհի Աստղիկ Սարգսյանին՝ կառուցապատել Կենտրոն համայնքի Երվանդ Քոչար փողոցի բակային կանաչապատ տարածքներից մեկը։ Թե նման որոշում կայացնելիս ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել «խստապահանջ» նախկին քաղաքապետը դժվար է ասել, բայց հաստատ որոշումը չի քննարկել բնակիչների հետ։


Ավելին կառուցապատողը, չբավարարվելով կանաչ տարածքի ոչնչացմամբ, որոշել էր զավթել նաև հարակից նեղլիկ փողոցի մի հատված, այսպիսով ստեղծելով խցանումների պերմանենտ վտանգ։ Սակայն ԶԼՄ-երի, բնակիչների և «Ազգային առաջընթաց» կուսակցության ահազանգերի շնորհիվ, կառուցապատողը ստիպված եղավ գոնե փողոցային տարածքը վերադարձնել բնակիչներին՝ բավարարվելով միայն կանաչապատ խաղահրապարակը ոչնչացնելով։


Նույն Հրաչյա Սարգսյանի ձեռամբ նույն փողոցում մեկ այլ կանաչապատ տարածք վերացնելու և շինհրապարակի վերածելու թույլտվությունն է տրվել։ Այս տարածքում շինաշխատանքներ իրականացնելու համար կտրվել են 4-5 հաստաբուն բազմամյա սոսիներ, որոնց շիվերը հիմա քաղաքապետարանը մեծ հպարտությամբ տնկում է այս ու այն փողոցում և գլուխ գովում։ Ստացվում է մի տեղ արդեն հաստաբուն, կենսունակ ծառերը հանուն գումարի և օգուտի կտրում են, մեկ այլ տեղ այդ նույն ծառերի շիվերը տնկում և գլուխ գովում։

Իսկ զուգահեռ իրականությունում փոխքաղաքապետ, իսկ դե-ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստանում է Երևանը վերածել կանաչ դրախտի՝ ահազանգելով, որ մայրաքաղաքի կանաչապատ տարածքները նորմատիվներից խիստ նվազ են՝ մեկ շնչին միջազգային չափանիշներով ընդունված 8 քառ․մ-ից երևանցուն հասնում է ուղիղ կեսը՝ 4 քառ․մ կանաչապատ տարածք, իսկ Կենտրոն համայնքի բնակիչներին էլ ավելի պակաս, քանզի Կենտրոնում հողատարածքները բավականին թանկարժեք և գրավիչ են և քաղաքապետարանի չինովնիկները գերադասում են դրանք վաճառել կառուցապատողներին, ինչու գումարներ կորցնել կանաչապատ «թիթիզությունների» վրա։
Իսկ հնարավո՞ր է, որ Տիգրան Ավինյանը հանուն արդարության վերանայի իր նախորդի որոշումը գեթ մեկ կանաչապատ տարածք փրկի ոչնչացումից՝ ապացուցելով, որ իր «խոսքը գործ է», ոչ թե նախընտրական խոստում։



