կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն առանձնացվել են ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրներ․ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն առանձնացվել են ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրներ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 6-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործողության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորեց միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրեց Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։

  • Կիսվել: