երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Այսպիսի ինքնախոստովանությունը ոչ թե մտահոգիչ է, ես կարծում եմ՝ ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Բաբաջանյանը՝ Վարդանյանին

Այսպիսի ինքնախոստովանությունը ոչ թե մտահոգիչ է, ես կարծում եմ՝ ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգությանը․ Բաբաջանյանը՝ Վարդանյանին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակի մասին: 

«Այսպիսի ինքնախոստովանությունը ոչ թե մտահոգիչ է, ես կարծում եմ՝ ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգությանը, որովհետև ձեր չկարողանալու և դատաիրավական համակարգում փնթի իրականության և աշխատանքի արդյունքում վերակենդանացել է հանցագործների մի ամբողջ շքախումբ և շատ վտանգավոր քաղաքական հայտ է ներկայացրել: 

Ձեր չկարողանալուց օգտվել են նրանք, ովքեր նախկինում կարողանում էին զանգով, կոմպրոմատներով իրենց խնդիրներն առաջ տանել դատական համակարգում: Ձեր չկարողանալու արդյունքում այսօր այդ հանցագործները մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից են խոսում: 

Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի դատարան, որը թքած կունենա, թե ովքեր են Հայաստանի այդ օրվա նախագահը և վարչապետը, նախարարն ու պատգամավորը, և իսկապես կիրականացնի արդարադատություն՝ առանց հաշվի առնելու, թե ով է ամբաստանյալը՝ երբևէ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, չինովնիկը, թե շարքային գրպանահատ»,- նշեց Բաբաջանյանը:

Վարդանյանն արձագանքեց՝ իշխանության ուժը՝ գործադիր թե օրենսդիր, նրանում է, որ դատարանին չի ասելու՝ ինչ անել:

«Բայց ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ անկախ դատական իշխանություն նշանակում է ոչ միայն այն, որ իշխանության թևերը չեն ասում դատարանին ինչ անել, այլև որ դատարանն անկախ է որևիցե տեսակի էքստերնալ միջամտությունից: Իսկ ինչ վերաբերում է կարողանալ-չկարողանալուն՝ կասկածող եմ ման գալիս, պարո՛ն Բաբաջանյան: Համաձայն եմ, որ դատական համակարգում լրջագույն բարեփոխումների կարիք կա, բայց դրանք պետք է լինեն ոչ թե 1, 2, 3 քայլից բաղկացած, այլ պերմանենտ բարեփոխումներ, որովհետև հասարակական հարաբերությունները արագանում են, դատական իշխանությունը զարգանում է, և պետք է գնալ առաջ»,- նշեց Վարդանյանը: 

  • Կիսվել: