Այսօր Հայաստանի Անկախության տոնն է
Հայաստանի Հանրապետությունը այսօր՝ սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության տոնը:
1991թ. հենց այս օրը, Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «Այո» ասաց անկախությանը: Մինչ այդ, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշել էր հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը. առաջին երկիրը Լիտվան է, որ անկախությունը ճանաչեց մինչև անկախության հռչակումը՝ 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:



