ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր էլ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց․ վարչապետ

Այսօր էլ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց․ վարչապետ

Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։

«Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ առաջարկում։ Որովհետև մենք այն ժամանակ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով արել ենք ադրբեջանական կողմին այդ առաջարկը, որը ցավոք, արձագանք չի գտել: Մենք հայտարարել ենք, հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու. իհարկե, արվելու է. արվել է, արվում է և արվելու է»,- ասաց Փաշինյանը: 

Նա ընդգծեց, որ կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն:

«Վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, որ չկրակեն, վերևից հրաման են տվել, որ գերի հանձնվեն, վերևից հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն. եթե եղել է նման հրաման, նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց էդ ամեն ինչը բացարձակ իրականության հետ կապ չունի. մենք պարզ բան ենք ասում, ասում ենք՝ զինվորականը ունի պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. զենքը տրվում է զինվորականին ի պատասխանատվություն: Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: