շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր եկել է պահը նորից համախմբվելու. Հրանտ Թոխատյան

Այսօր եկել է պահը նորից համախմբվելու. Հրանտ Թոխատյան

1988 թվականին, երբ Արցախից միասնության կոչը եղավ, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, որ ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, սա կամ նա չի հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղվում։ Բոլորս միասին մի բան ուզեցինք ու ստացվեց, անցկացվեց հանրաքվեն, մենք ունեցանք անկախ երկիր, «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
 
«Բայց, արի ու տես, որ մեր առաջ դրվեց մի սպիտակ թուղթ, մեզ տրվեց գրիչ ու ասվեց՝ գրեք ձեր երկրի կենսագրությունը։ Իսկ մենք սկսեցինք խզբզել, դրա համար էլ եկանք, հասանք էս օրվան։ Կոչ եմ անում իմ գործընկերներին, պետք է բոլորս միասին մասնակցենք այս նախաձեռնությանը, դա շատ կարևոր է։ Մարդկանց պետք է բացատրել, թե ինչի համար է պետք այդ մեկ ստորագրությունը։ Այդ ստորագրության հետևում հազարավոր երիտասարդների կյանք է, որոնք իրենք տվեցին, որպեսզի այսօր ինչ-որ մեկը միանձնյա որոշումով չջնջի», - ասաց Հրանտ Թոխատյանը։ 
 
Այսօր «Ազատ Արցախ - Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հայտարարեց, թե սկսում են գործընթաց՝ Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով. դրա համար քաղաքացիների աջակցությունն է պետք։
 
«Այսօր եկել է պահը նորից համախմբվելու՝ մի կողմ դնելով տարբեր մտածելակերպերը։ Չկան սրանք ու նրանք, կա՛մ մենք, կա՛մ ընդհանրապես ոչ մեկս չկանք», - ասաց Հրանտ Թոխատյանը։

  • Կիսվել: