Այս տեմպերով Միքայել Արզումանյանի գործով քննությունը կարող է տեւել 13 տարի. Գեղամ Մանուկյան
Այս տեմպերով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործի քննությունը կարող է տեւել 13 տարի։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին երկրում հանցավոր իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Դեռ 160 վկա կա։ Այս տեմպերով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով քննությունը կարող է տեւել 13 տարի»,- նշել է Մանուկյանը։
Նա, մասնավորապես, հիշեց, որ Արզումանյանը 2 տարի 45 օր է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ ընդգծելով այս հարցի բարոյական կողմի կարևորությունը։ «Արզումանյանը զինված ուժերում է 16 տարեկանից։ Նա իր վրա վերցրեց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի համար օրհասական պահին»,- հիշեցրել է խորհրդարանականը: Նրա խոսքով՝ այս դեպքը քաղաքական դրդապատճառներ ունի: Միաժամանակ, հրամանը արձակել է գործող կառավարությունը։
Ընդդիմադիրը հիշեց նաև հղի Սոնա Մնացականյանի դեպքը, ով մահացավ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հետ կապված վթարի հետևանքով։ «Գործը կարճվել է դրվագներից մեկում հանցակազմի բացակայության պատճառով։ Տեսեք թե, տեսագրությունը չի պահպանվել»,- վրդովվեց պատգամավորը։
Գլխավոր դատախազի պատասխանները բավականին հակիրճ էին. «Մեր դիրքորոշումն արձանագրված է մեղադրական եզրակացության մեջ։ Ձեր դիրքորոշումը քաղաքականացված է: Մենք քաղաքական զսպվածություն ենք ցուցաբերում: Ձեր գնահատականները պաշտպանական կողմի կողմից նախկինում հնչեցված մեկնաբանություններ են»,- նշեց Վարդապետյանը։