հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս փոփոխությանն ընդդիմությունը միշտ կողմ է եղել, բայց հիմա չի աջակցում. իմքայլական պատգամավոր

Այս փոփոխությանն ընդդիմությունը միշտ կողմ է եղել, բայց հիմա չի աջակցում. իմքայլական պատգամավոր

1995-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են պարզ համամասնական ընտրակարգով: Դրան հաջորդող երկու-երեք ընտրությունները նույնպես անցկացվել են այդ ընտրակարգով: Այդ մասին այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սակայն արդեն 2000-ականներին այդ օրվա իշխանությունը հասկացավ, որ այդ ընտրակարգով չի կարողանալու ԱԺ-ում մեծամասնություն ունենալ և ներդրեց մեծամասնական ընտրակարգը, որը երաշխավորում էր ռեժիմի վերարտադրությունը՛՛:

Ըստ պատգամավորի՝ շատ կուսակցություններ տարիներ շարունակ խոսել են համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության մասին, և 26 տարի տևած էպոպեան, նրա խոսքով, այսօր հասնում է իր տրամաբանական ավարտին:

Անդրադառնալով պարզ համամասնական ընտրակարգի դեպքում տարածքներից պատգամավորներ ունենալուն՝ Դանիելյանը նշեց. ՛՛Ունեցել ենք տարածքներ, որտեղից պատգամավորներ ենք ունեցել, որոնք 4-րդ կամ 5-րդ տարվա ընթացքում այցելել են համայնքներ, մի հատ ասֆալտ են փռել կամ տանիք են վերանորոգել, ապա վերադարձել են Երևան կամ Դուբայ՛՛:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար կարևոր է վերջակետ դնել այս պատմությանը, որը տարբեր տարիների տարբեր պատճառներով հետաձգվել է: ՛՛Այս փոփոխությունը, որին միշտ ընդդիմությունն է կողմ եղել, այսօր չի աջակցում, բայց գովելի է, որ իշխանությունը քաղաքական կամք ունի գործընթացը՝ հասցնելու տրամաբանական ավարտին՛՛,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը:

  • Կիսվել: