կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս պայմաններում ոչ ոք  մեր սիրուն աչքերի համար մեզ հետ խաղաղության չի կնքի եւ խաղաղ չի լինի․ պատգամավոր

Այս պայմաններում ոչ ոք  մեր սիրուն աչքերի համար մեզ հետ խաղաղության չի կնքի եւ խաղաղ չի լինի․ պատգամավոր

Մեր մարզային այցերի ժամանակ տեղի բնակիչները հարցնում են՝ ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել, արդյոք ամեն ինչ կորած չէ, ասում են՝ ով էլ լինի, նույն բանը կլինի: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Իշխանություններն ասում են՝ միեւնույն է, վերջը սա էր լինելու: Սա շատ վտանգավոր է, ես հավաստիացնում եմ՝ այդպես չէր լինելու: Այս ամենը եղավ սխալ քաղաքականության հետեւանքով: Մեր խնդիրն է ցույց տալ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, դեպի անդունդ գլորվելու պրոցեսը կանգնեցնել: Նախ պետք է ունենալ դրա ցանկությունը: Պետք է հասկանալ, որ այս պայմաններում ոչ ոք  մեր սիրուն աչքերի համար մեզ հետ խաղաղության չի կնքի եւ խաղաղ չի լինի: Եթե դու քեզնից ուժ չներկայացրեցիր, եթե դու չունեցար ուժեղ, վստահելի դաշնակիցներ, ոչ ոք քեզ հետ խաղաղություն չի կնքելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, որ բոլորը մեզ դավաճանել են, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ոչ մի բան միակողմանի չէ, ամեն պատմություն ունի երկու կողմ: մենք միայն մեր կողմից ենք ուզում նայել: բայց հնարավոր է այս ամենը կանգնեցնել, մենք անդարձելիության կետը չենք անցել»:

Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, դեպի անդունդ գլորվելու պրոցեսը կանգնեցնել, նա պատասխանեց. «Այսօր երկիրն այն վիճակում չէ, որ իշխանություն վերցնելը ցանկալի բան լինի, մենք հասկանում ենք այդ ամեն ինչի ծանրությունն ու լրջությունը: Հավատացեք, մեր կողմից չկա աթոռի համար կռիվ: Մենք հիմա այն վիճակում ենք, որ սա մեկ թիմի հարց չի, մեր թիմում էլ կան շատ կարող, ճանապարհ անցած  մարդիկ, նույնիսկ իշխանության շրջանակներում կլինեն հայրենասեր մարդիկ, որոնք մտածում են, որ իրենց տեղում կարեւոր բան են իրականացնում: Այսինքն պետք է իսկապես կարող ուժերին, հայրենասեր մարդկանց համախմբել ապագա կառավարության կազմում:

2020-ից հետո մենք ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի հաջող փորձեր ունեցել ենք: Ես համոզված եմ, որ ինչ-որ գործընթացի դեպքում դա կլինի: Կարեւոր է, որ  ընդդիմության մեջ մարդիկ անկեղծ լինեն, իսկապես ամբիցիաները դնեն մի կողմ: Շատ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ պայքար են մղում ոչ թե այս իշխանությունների դեմ, այլ ավելի շատ խորհրդարանական ընդդիմության դեմ: Սա մտահոգիչ է: Երբ մեր ազնվությունն են կասկածի տակ դնում, դա շատ վիրավորական է շատերիս համար»:

  • Կիսվել: