Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, բայց ոչ մի ողբերգություն չկա. Արման Աբովյան
«Ես վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Արման Բաբաջանյանի և ԲՀԿ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկին:
Նրա խոսքով՝ դա Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը դատապարտելի չէր, որին արձագանքել էր Արման Բաբաջանյանը, Արման Աբովյանը պատասխանեց. «Ոչ, Գևորգ Պետրոսյանի ելույթը հորդորում եմ ուշադիր լսել և թող լսեն բոլորը, որովհետև նրա ելույթի մեջ չկար ոչ վիրավորանք, ոչ զրպարտություն»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն արդեն անցել է բռունցքների՞, երբ փորձում էին հաշիվներ պարզել, Արման Աբովյանը պատասխանեց. «Ոչ մի հաշիվներ մաքրել, պարզաբանումներ չկա: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցներին պետք է ինչ-որ սենսացիոն բաներ: Ոչ, բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը: Կրկնեմ, որ սա սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, բայց ոչ մի ողբերգություն չկա: Պետք չէ սենսացիա ման գալ այնտեղ, որտեղ այն չկա: Ես Գևորգ Պետրոսյանի ելույթը գնահատում եմ օբյեկտիվ»։