կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության». ԼՂ նախագահ

«Այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության». ԼՂ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության կասեցման և շրջափակման վերացման նպատակով:

Ուղերձի տեքստը՝ ստորև.

«Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանս, այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։

Լաչինի միջանցքով անցնող՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վերահսկողության նպատակով ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված և 2022թ. դեկտեմբերի 12-ին որպես «բնապահպանական» ցույց սկսված ներկայացումը իրականում ցեղասպանության հանցագործության նախերգանք էր, որը պաշտոնական և համակարգային բնույթ ստացավ 2023թ. ապրիլի 23-ին՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմամբ։ Հունիսի 15-ին Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակեց Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը՝ լիակատար պաշարման մեջ վերցնելով Արցախի Հանրապետությունը և նրա 120 հազար բնակչությանը։ Արդեն գրեթե ութ ամիս է, ինչ Արցախի բնակչությունը զրկված է Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժի հնարավորությունից, իսկ արդեն մոտ երկու ամիս շարունակ՝ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների ներկրման հնարավորությունից։ Ադրբեջանի գործողությունները խախտում են ոչ միայն միջազգային համընդհանուր իրավական նորմերը, այլև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր որոշումները։

Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացված դրվագ չէ. այն պետք է դիտարկել որպես Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելուն ուղղված Ադրբեջանի ծրագրված լայնածավալ և համակարգված քաղաքականության մաս։ Արցախի շրջափակումը ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի։ Ադրբեջանը հետևողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է ձերբազատվել Արցախի ժողովրդից և փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։

Նույն համատեքստում է անհրաժեշտ նաև դիտարկել Արցախի պետականության դեմ Ադրբեջանի ոտնձգումները, քանի որ Արցախի ժողովրդի և նրա ավանդույթների, արժեքների, մշակույթի պահպանման, ինչպես նաև նրա բնականոն զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։

Հրադադարի մասին հայտարարությունից ավելի քան երկու տարի անց, չկարողանալով հասնել իր հանցավոր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետևողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին ոչ ռազմական ուժով, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով հասնելու համար։ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, որի ակնհայտ հանցավոր նպատակն էր միտումնավոր սահմանափակել, ապա նաև ամբողջությամբ դադարեցնել Արցախի ժողովրդի բնականոն կյանքի ապահովման համար իրականացվող՝ մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը, դարձել է Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր զինատեսակ Ադրբեջանի զինանոցում: Այդ ապօրինի անցակետի անմիջական զոհ է դարձել Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը, ում ադրբեջանցի զինծառայողները ուղղակիորեն առևանգել են ԿԽՄԿ ուղեկցությամբ այդ անցակետով տեղափոխվելիս՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Ադրբեջանական կողմը, փորձելով քողարկել իր ցեղասպանական մտադրությունները, առաջարկում է կեղծ այլընտրանքներ՝ իբր թե մեղմելու իր իսկ ստեղծած հումանիտար աղետը։ Ներկայիս ծայրահեղ բարդ իրավիճակը, որից դուրս գալու համար Արցախին խիստ անհրաժեշտ է ինչպես միջազգային մարդասիրական, այնպես էլ քաղաքական աջակցություն, ուղիղ հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ժողովրդի փաստացի պաշարման։ Ադրբեջանն այսպիսով փորձում է պատրանք ստեղծել, թե Արցախը կենսունակ չէ և կախված է արտաքին օգնությունից։ Իսկ օգնության տրամադրման պարտադրվող առաջարկով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են Արցախը և նրա ժողովրդին հպատակեցնել իրենց, ինչպես նաև կախվածության մեջ դնել Ադրբեջանից։

Այնուամենայնիվ, մոլորության մատնվել պետք չէ. Ադրբեջանից Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների առաջարկն Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրականացման ևս մեկ միջոց է, որը կհանգեցնի նրա կամքի պարտադրման, մարդկային արժանապատվության չարամտորեն ոտնահարման և Արցախի ժողովրդին Ադրբեջանին հպատակեցնելու այլ հանցավոր վերջնարդյունքների։ Նման քայլերով Ադրբեջանը նաև նպատակ է հետապնդում կանխել Արցախի բնականոն զարգացումը և ժողովրդի կենսամակարդակի բարելավումը։

Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց նպատակն Արցախի բնիկ հայ ժողովրդին հայրենիքից վտարումն է։ Ըստ այդմ՝ հակամարտության ենթադրյալ կարգավորման տեսլականի և դրա հիման վրա ներկայացվող առաջարկների փաթեթի առաջ քաշմամբ Ադրբեջանը փորձում է բանակցություննների շղարշի տակ քողարկել իր ցեղասպանական մտադրության իրացման այս նոր ճանապարհը։

Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում և օրինականացում։

Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետևեն միջազգային իրավունքի նորմերին։ Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետևանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը, սակայն, մինչ օրս հաջողությամբ և անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից։

Արցախն իր հերթին մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ կենսունակ և առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության և հավասարության համընդհանուր սկզբունքներին։

Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի վրա։ Այլապես, առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերում, միջազգային կառույցների, առանձին պետությունների և կազմակերպությունների կողմից պարբերաբար արվող կոչերում և հայտարարություններում բոլորն առանց բացառության արձանագրում են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման փաստը և ընդգծում միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման անհրաժեշտությունը, սակայն, այդ ուղղությամբ որևէ գործուն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ Մինչդեռ, Արցախի բնակչության ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծումն Ադրբեջանի կողմից ոչ այլ ինչ է քան ցեղասպանության հանցագործություն՝ բաղկացած հանցավոր մտադրությունից և հստակ գործողություններից։ Դա արձանագրում են նաև միջազգային առաջատար փորձագետները, ինչպես, օրինակ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոն՝ իր վերջին համապարփակ զեկույցով: Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և կասեցումը պետություների համընդհանուր պարտավորությունն է, և յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի նման հանցագործությունը կանխելու համար։

Նման իրավիճակում անգործության կամ անտարբերության դրսևորումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության հանցագործության թողտվություն։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն անհատական և հավաքական քայլեր ձեռնարկել թույլ չտալու Ադրբեջանին մարդկության պատմությունը համալրել եւս մեկ զանգվածային սովամահության և ցեղասպանական էջով։

Ըստ այդմ՝ վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում, գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործութունը՝ մասնավորապես.

Հայաստանի Հանրապետությանը

  • հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով,
  • կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներով ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ,
  • Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով
  • միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական և քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում. որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ու ագրեսիվ գործողություններին,

Սփյուռքի մեր հայրենակիցներին

  • հորդորում եմ համախմբել ջանքերը՝ իրենց բնակության երկրների իշխանությունների և հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ ու գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ,
  • Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
    • պահանջել կառավարություններից խստիվ դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ,
    • պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպությունններից, զանգվածային լրատվամիջոցներից և այլ դերակատարներից ուղիղ իրավական որակումներ և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին,
    • պահանջել կառավարություններից քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով

Ռուսաստանի Դաշնությանը

  • կարևորելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում՝ վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիայի Հանրապետությանը

  • վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու և Լաչինի միջանցքի անխափան գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,
  • կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին,
  • լիահույս եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետևողականություն կցուցաբերեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված բանակցային մեխանիզմը վերագործակելու ուղղությամբ,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին

  • հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել վերջինիս գործառնությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման,
  • միաժամանակ հիշեցնում եմ, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն յուրաքանչյուր պետության համընդհանուր (erga omnes) պարտավորությունն է, այլև միջազգային հանրության հավաքական պատասխանատվությունը,

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

  • հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն և գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը,
  • կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին և այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական և իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,
  • առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմի ձևավորման գործընթացում,

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

  • հորդորում եմ գործարկել իր մանդատի ներքո վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ դրանով իսկ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և, նրա միջոցով, Անվտանգության խորհրդին,
  • գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետություն փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետևանքները,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին

  • պահանջում եմ իրենց մանդատի շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին և այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների խորացող ճգնաժամի վերաբերյալ,

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես Արցախում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը

  • հորդորում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին կոպիտ խախտումներով Ադրբեջանի գործողությունների մասին,

Եվրոպայի Խորհրդին

  • հորդորում եմ գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը,
  • վճռականորեն կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բացահայտ և կոպիտ խախտումների դեմ՝ այդ թվում դիտարկելով նման անդամ պետության հեռացումը կազմակերպությունից,

Եվրոպական Միությանը

  • կոչ եմ անում օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով,
  • Հորդորում եմ հավատարիմ մնալ Եվրոպական Միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից,

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային այլ դերակատարներին

  • հորդորում եմ ակտիվորեն ներգրավվել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին՝ տալով հստակ իրավական որակումներ և պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ,

Միջազգային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին

  • ընդգծելով անկախ լրատվամիջոցների անփոխարինելի դերը զանգվածային հանցագործություննների մասին բարձրաձայնելու և դրանք կանխարգելելու գործում, հորդորում եմ, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, խախտել անընդունելի լռությունը և օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել միջազգային հանրությանն Արցախում տեղի ունեցող զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանով իսկ փորձելով կոտրել անարդարության և անպատժելիության արատավոր շղթան:

Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում՝ խնդրում եմ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի վրա միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ, և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյոք ձեզ համար հարց չի՞ ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյոք ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ՝ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները, արդյոք չե՞ք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու են նորանոր հանցագործություններ՝ միգուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ:

Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անհապաղ կերպով գործել և կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանությունը, քանի դեռ լրիվ ուշ չէ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: