Այս գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք․ Բագրատյան
Տիգրանաշենը ռազմավարական կետ է, եւ չկա որեւէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբեւիցե եղել է Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր Արարատի Տիգրանաշեն գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Պայմանականորեն եթե անկլավ կա, դրանից այն կողմ մինչեւ Նախիջեւան 12 կմ է, ինքը դա էլ է տալիս: Այս գյուղից հետո Հայաստանի տարածքն է, այսինքն պետք է լինի Ադրբեջանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, էլի Հայաստանի սահմանապահ, հետո Ադրբեջանի սահմանապահ: Իր արածները բացարձակ աբսուրդ է:
Կամ ասում է՝ ադրբեջանցիք մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղ են վերցրել, իսկ իրենք մեզնից չեն վերցրել: Սուտ է ասում, բա Արծվաշենը: Կամ Բարխուդարլուն գյուղատեղի՞ է, այնտեղ բնակավայր չի եղել:
Այս գյուղը տալով ընդհանտվում է ճանապարհը դեպի Սյունիք: Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով, Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ, բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սեւակ գյուղը, իսկ Չիվան ու Ելփինը վարի են գնում: Այս գյուղը հանձնելով 4 գյուղ է դատարկվում:
Եթե Տավուշում Բարխուդարլուն ենք հանձնում, անպայման պետք է դատարկվեն աջից Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերը, ձախից էլ կդատարկվի Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը: Այնտեղ էլ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- հայտարարեց Բագրատյանը:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նախկին վարչապետը նկատեց. «Սահմանազատումը նախ սկսվում է նրանից, որ պայմանավորվում են, թե ինչպես պետք է դա իրականացնեն, որ քարտեզներով: Դա չորոշած մենք այս ամեն ինչը կտանք, խաղաղության պայմանագիրն էլ կլինի, բայց արդյուքնում ոչ մի տեղ գրված չի լինի, թե որտեղ է սկսվում ու վերջանում Հայաստանը: Ադրբեջանը եւ 2025-ին եւ 2026-ին անընդհատ մի նոր բան է ուզելու:
Այս գյուղերից հետո նրանք կուզեն երեք ճանապարհ, քանի որ իրենց կարծիքով Փաշինյանը ստորագրել է եւ միջանցքները պետք է տա»: