երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
1980-ականներին կազմվել է արձանագրություն, որով հաստատվել է, որ ՀՀ տարածքում ոչ մի անկլավ չկա, դրա տակ ստորագրել  են Հայաստանն ու Ադրբեջանը․ Բագրատյան

1980-ականներին կազմվել է արձանագրություն, որով հաստատվել է, որ ՀՀ տարածքում ոչ մի անկլավ չկա, դրա տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը․ Բագրատյան

«Խաղաղության խաչմերուկը» ադրբեջանական երգն է, որը Բաքվում է գրվել, գուցե Էրդողանը խմբագրել է այդ երգի տեքստը: Այս մասին, այսօր Արարատի Տիգրանաշեն գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Դրա իմաստն այն է, որ երեք անվերահսկելի ճանապարհ տանք Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջեւան:

Երբ ես ասացի, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Տիգրանաշենը եւ մյուս գյուղերը Ադրբեջանինը չեն, կառավարության աշխատակազմը հայտարարություն տարածեց՝ նշելով. «Ըմբռնելի է Հայաստանի այն մոտեցումը, ըստ որի ճիշտ կլիներ փաստաթղթեր տային, որ այդ բնակավայրերն իրենցն է»:

Դրան հետևեց Ադրբեջանի արձագանքը՝ այ տղա, 2018-ին դու ինձ խոսք ես տվել: Ալիեւն ասում է՝ ինձ քարտեզ-մարտեզ չի հետաքրքրում, հող հանձնելու խոստում ես տվել, տուր: Հիշո՞ւմ եք, որ Պուտինը հայտարարեց, որ 1926 թվականի քարտեզով պետք է անենք սահմանազատումը, որովհետեւ էդ ժամանակ ոչ մի անկլավ չկար: Դրան պատասխանեց Արման ՈԵղոյանը, որ չէ, 1970-ականների քարտեզով ենք անելու: Ադրբեջանն  էլ ասաց՝ Պուտինն էլ թող ձենը կտրի, Արման Եղոյանն էլ, ոչ մի քարտեզով էլ չենք անելու»,-ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով այսպես կոչված, «անկլավների» խնդրին, նախկին վարչապետն ասաց. «1980-ականներին ՀՀ ղեկավարությունը  Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը  բարձրացնում են հարց, որ անկլավները, որոնք գծվում են քարտեզների վրա, երբ է Հայաստանը տվել Ադրբեջանին  ու սկսվում են քննարկումներ։ Երկու կողմին էլ հրավիրում են Մոսկվա, պետանվտանգության պետ Կլյուչկովի մոտ ու կազմվում է 193  արձանագրություն, ըստ դրա գոյություն ունի 1 անկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում ոչինչ չկա։ Այդ արձանագրության տակ ստորագրել է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, թող վերցնեն ու ուսումնասիրեն»։

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է կանխել նման վատ հեռանկարը, Բագրատյանը պատասխանեց. «Այս ամենի կանխումը շատ պարզ է, մարտի 27-ին կես միլիոն մարդ հավաքվում է Ազատության հրապարակում եւ փոխում իշխանությունը: Էս տալու վերջը չի երեւում, մի գյուղ տալիս են, մյուս գյուղերն են բացվում»:

Անդրադառնալով 1991թ-ի Ալմա Աթայի հռչակագրին, որին պարբերաբար հղում է  անում Նիկոլ Փաշինյանը, Բագրատյանը նշեց․

«Ալմա Աթայի հռչակագրից հետո  կա 1994 –ի մայիսի զինադադարը , որը վերաբերում է  նաև ՀՀ- Ադրբեջան  սահմաններին, որտեղ նշվում էր, որ բոլորը մնում են այնտեղ, որտեղ կանգնած են»։  

  • Կիսվել: