շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Այս ամենը սկսվել է այն ժամանակ, երբ կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը. Ծառուկյան

Այս ամենը սկսվել է այն ժամանակ, երբ կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը. Ծառուկյան

«Հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ։ Ես դիմում եմ ժողովրդին»,- այսօր Ազգային ժողովում այսպես սկսեց իր ելույթը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ կազմակերպեցին ԲՀԿ քաղխորհրդի նիստը և ներկայացրեցին երկրում ստեղծված իրավիճակը։

«Եւ նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական, լիարժեք ներկայացրեցինք այն, ինչ կա:  Ոչ թե մենք ժողովրդին իրավիճակը ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատողով, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական  կյանք, այլ ոչ թե ֆեյսբուքով ու ֆեյքերով»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ 

Նրա խոսքով՝ երկու տարի առաջ ժողովրդին իշխանությունը խոստումներ էր տվել և այն, ինչ անհրաժեշտ էր ժողովուրդը լսեր, լսում էր, սակայն բոլորը սուտ էին, օդ, ոչ մի բան չկա արած: «Արածը քանդվել է, ձախողվել է»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա, ինքն առաջին օրվանից հայտարարել է, որ ինքը նոր իշխանության կողքին է. «Այո, 1/3-ը տվել եմ, Փաշինյանը հրավիրել է, ստորագրել եմ հուշագիրը: Ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա: Բայց ստով, ֆեյսբուքով, ֆեյքերով... ՊՈԱԿ-ը 500 հոգով այսօր այլանդակություններ է գրում, ամոթ ա, ֆեյքերով, ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում, իշխանությունները ձախողել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը։ «Ոչ մի բան մի մոռացեք, դուք եք արել, ոչ բոլորը, ով իրավասություն է ունեցել որոշում կայացնելու: Ինչ ասում եմ՝ արդարացի եմ ասում: Ոչ մեկը չփորձի ասել, որ Ծառուկյանն էսօր ուզում է դիվիդենտ հավաքի, Ծառուկյանն ասում է անձնական շահի համար: Ով այդպիսի բան ասի, թող լինի ամենավերջին մարդը, թող դավաճան կամ թուրք լինի այդ մարդը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, այսօր սարքում են թղթերը, տալիս են Նիկոլ Փաշինյանին, որ 5 հատ տուն զանգահարի, անվտանգությունով ստուգած:

«Վերցրեք, գնացեք նայեք իրական կյանքը, ձեր ցավը տանեմ: Նայեք՝ Ծառուկյանը համաճարակի համար ինչ է արել: 24 ժամ պատրաստ ենքեղել խնդիր կարգավորենք, լուծենք:  Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Ջավադյանին հարցրեք, Փաշինյանին հարցրեք, որ տնտեսական հեղափոխություն զարգանա, առանց փող դնելու տնտեսական հեղափոխություն չի լինում: Ասում ա՝ ժողովուրդ դուք աղքատ եք, հարկավոր է գլխով հարուստ լինել: Ձեր ցավը տանեմ, դա ղեկավարի ասած ա՞: Մարդը ոնց հարուստ լինի, պայման, հնարավորություն ստեղծի: Խոսք եք տվել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, ցանկացած հեղափոխության ժամանակ իշխանությունը խոստումներ է տալիս ժողովրդին, բայց ժողովուրդը, նույն իրեն հեղափոխություն բերողները սպասում են արդեն 1-2 տարի: 

Այնուհետև անդրադառնալով իր դեմ հարուցված գործին՝ նա ասաց.

«Պատվեր կատարելով Ծառուկյանի վրա, Ծառուկյանի վրա ընտրակաշառք թուղթ են գտել: Տո Ծառուկյանը գումար տվել ա՞: Կա՞ այդպիսի ապացույց: Ձեր ցավը տանեմ, ասել եմ՝ իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու: Ես էս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ անշահախնդիր: Շահի համար անողը թող թուրք լինի, ադրբեջանցի լինի, դավաճան լինի։ Մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել վախո՞ւմ եք։ Հարց չկա, էսօր հանրությունը Ծառուկյանի կողքին ա: Ամբողջ ներքին զորքերը դրել ուղարկել եք, մարզերը փակելով, մարդկանց պառկացնելով, փռելով: Բա իշխանության գալուց ասում էիք՝ անկախություն, ազատություն, իշխանությունը ժողովուրդն ա: Էն ժամանակ կար 88 տոկոս, էսօր 7 տոկոս էլ չկա, գնացեք մարզերը, ժողովրդի հետ քննարկեք: Սպառված ա: Բայց մենք էլի ասում ենք՝ ձեր մեջ քննարկեք ձախողումները, մեզ պետք է այս վիճակից դուրս գալ:

Այո ասել եմ, որ բոլոր ոլորտները ձախողված է, համապատասխան մասնագետներ չկան: Լավ մարդիկ են, չեմ ասում վատն են, բայց համաճարակի դմե պայքարը ձախողված է: Այսքան ժամանակ քայլ կատարե՞լ եք, մարզկենտրոններում հիվանդանոց բացե՞լ եք: Դրել եք մարտից քարոզարշավ եք անում, ասում եք՝ էդ ի՞նչ վարակ ա, պինցետով հանենք, օղի խմենք: Կամ ասում են՝ Ծառուկյանը չի տիրապետում միջազգային անցուդարձին: Տո Ծառուկյանը էնքան ա տիրապետում, ձեր ցավը տանեմ, որ բերիք սաղ վարակեցիք, սաղ լցրեցիք, էսօր ասում եք՝ մասկա դրեք, տուգանեք վարորդին: Տենց չի կարող լինել»։

Գագիկ Ծառաուկյանը նշեց նաև, որ կարող էր ձայն չհանել, իր համար հանգիստ ապրել, բայց իր բնորոշմամբ՝ սիրտը տրաքում է:

«Ասում ա՝ վարակի հիմնական պատճառը ժողովուրդն է, որ մասկա չի դնում: Դուք եք ձախողել, ձեր երեխաներն ու ծնողներն են հիվանդանում։

Ասում ա՝ ով Ծառուկյանին դեմ չքվեարկի, դա մեր հեղափոխության վերջն է լինելու: Ձեր հեղափոխության վերջը եկել է, հեղափոխությունը պետք է գործով ապացուցեն, ֆեյքերով, դատարկ, դատարկ խոսելով չի լինում»,- հայտարարեց Ծառուկյանը:

Նա նաև ասաց՝ բոլորը պատասխան են տալու իրենց արածի ու չարածի համար։ «Ծառուկյանը չի վախենում, քամին քարից ինչ պիտի տանի»,- նշեց նա։

  • Կիսվել: