շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս ագրեսիան նախօրոք պլանավորված և լայնամասշտաբ կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության դեմ. Մարուքյան

Այս ագրեսիան նախօրոք պլանավորված և լայնամասշտաբ կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության դեմ. Մարուքյան

Որպես Հայաստան-Բահրեյն և Հայաստան-Լյուքսեմբուրգ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի. Ալ-Նաֆաեինին և Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆ. Էտգենին՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Իմ կողմից տեղեկություններ են ներկայացվել նաև այն մասին, որ սա տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ այս տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են հրթիռային հարվածներ հասցնել Մեծամորի ԱԷԿ-ին:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ ռազմատենչ հայտարարությունները, Թուրքիայի հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները և մյուս քայլերը հստակ ցույց են տալիս, որ այս ագրեսիան նախօրոք պլանավորված և լայնամասշտաբ կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ:

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ փաստում է իր կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի անտեսումը և կրկին ապացուցում, որ բանակցային գործընթացում երբևէ չի դրսևորել բարի կամք, ընդհակառակը՝ միշտ գործել է ուժի դիրքերից:

Արցախի խաղաղ բնակչության վրա կատարված հարձակումը ևս մեկ անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը չի խորշում որևէ քայլ կատարելուց:

Նման պայմաններում հայկական կողմերը կգործեն ուժեղ վճռականությամբ` ապահովելով Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը:

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում` մոր և երեխայի կորուստները:

Իմ կողմից քիչ առաջ ի լրումն ուղարկված գրությամբ՝ տեղեկատվություն եմ տրամադրել նաև այն մասին, որ այսօր ադրբեջանական կողմը հարձակման է անցել նաև Հայաստանի վրա՝ կիրառելով թուրքական արտադրության ԱԹՍ-եր։

 Այս և այլ կարևոր մանրամասներն ու վերլությունը ներկայացնելով՝ մեր գործընկերներին կոչ եմ արել նպաստել տարածաշրջանում մարդասիրական և ռազմական աղետի կանխմանը, միանշանակ դատապարտել խաղաղ բնակչության անխնա գնդակոծությունը և սպանությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

 

  • Կիսվել: