Հայաստանի Հանրապետությունում պետության քաղաքացին, որ պահին ուզենա, կարող է հեղափոխություն անել. Փաշինյան
Այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն, որ մարդը օբյեկտից վերածվել է սուբյեկտի. սա նշանակում է, որ մարդը ոչ թե պետք է սպասի, որ ուրիշը ինչ-որ բան անի, իսկ ինքը նայի այդ ինչ-որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա քմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին:
Մեր այս դիրքորոշումը որոշակի քննադատության է ենթարկվում պարբերաբար, ասում են՝ փորձում ենք կառավարության և իշխանության վրայից պատասխանատվությունը տեղափոխել մարդու և անհատի ուսերին։ Այս նախադասությունը ոչ միայն մեղադրանքն է ձևակերպում, բայց նաև տալիս է հարցի պատասխանը։ Այստեղ նրբությունն այն է, որ անհատի մարդու ամենամեծ անելիքը հենց քաղաքական իշխանություն ձևավորելն է։ Այսինքն այսպես թե այնպես կառավարության ձևավորման պատասխանատվությունը էլի մարդու վրա է, երկրում խորհրդարան ընտրում է քաղաքացին, ավագանի ընտրում է քաղաքացին։
Բացի այդ, այդ ընտրությունը պարտադիր չի, որ քվեարկությամբ տեղի ունենա, երբեմն ընտրությունը և գուցե ավելի հաճախ ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով, ուղղակի հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։
Հայաստանի Հանրապետությունում պետության քաղաքացին, որ պահին ուզենա, կարող է հեղափոխություն անել։ 2018 թվականին մենք ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել, չկա պարզապես այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը։
Ես նկատի ունեմ, որ այդ թվում վերջին շրջանում, մեր ռազմավարությունների և տեսլականների վերանայումները քվեարկությամբ տեղի չեն ունեցել, բայց այդ վերանայումներին եղել է քաղաքական արձագանք, հնչել են այդ թվում հեղափոխության կոչեր։ Ես ինքս հեղափոխության այդ կոչերին միացել եմ, անկեղծ և ուղիղ ասելով, որ մենք, այո, մեր պատկերացումները վերանայում ենք և դա անելու ենք, քանի դեռ այդ լիազորությունը ունենք։ Եվ եթե ՀՀ քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, պետք է իրենք իրենց անհամաձայնությունը ցույց տան, և նաև քաղաքացին ունի վճռորոշ դեր մեր ռազմավարությունների որոշման, քաղաքական որոշումների կայացման և իրագործման գործում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև հավելեց. «Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու, ըստ էության երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է և ակնհայտորեն ունի վճռական և առանցքային դեր իր անձնական կարիքները իր անձնական բարեկեցությունը ապահովելու գործում, որը պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով»։


