երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այնպես չէ, որ միայն վարչապետի հայտարարությունն է վրդովմունք առաջացրել, շատ ընդդիմադիրներ էլ անընդունելի հայտարարություններ են անում, օրինակ ասում են՝ Արցախն այլևս չկա. ԱՀ պատգամավոր

Այնպես չէ, որ միայն վարչապետի հայտարարությունն է վրդովմունք առաջացրել, շատ ընդդիմադիրներ էլ անընդունելի հայտարարություններ են անում, օրինակ ասում են՝ Արցախն այլևս չկա. ԱՀ պատգամավոր

Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հիմնախնդրի մասին վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը չի կարելի համարել Արցախ-Հայաստան կապը խզող: Այս մասին նա ասաց «Մեդիալաբին» տված հարցազրույցում:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որը կարելի է համարել դիրքորոշումների ճշգրտում, քանի որ դրանով փաստացի Արցախը, ըստ նրա, քաշեց իր կարմիր գծերը՝ ընդգծելով՝ ինչն է Արցախի համար ընդունելի, և ինչը՝ ոչ:

՛՛Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ոչ թե ապագայի Հայաստանի դիրքորոշմանն էր վերաբերում, այլ բանակցային սեղանին նախկինում դրված փաստաթղթին: Ինձ թվում է, արդեն պետք է վերջ տալ անցյալի ու դրա բացթողումների մասին խոսելուն ու խոսել ներկայի մասին՛՛,-ասաց Հարությունյանը::

Նա նշեց, որ հիմա իրենց ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է այսօր սեղանին, և ինչ է լինելու վաղը, քանի որ հիմա հասարակությունն ուզում է, որ ամեն ինչ ճիշտ ու Արցախի ժողովրդի համար ընդունելի լինի:

՛՛Նման հայտարարությունները կարող են ժողովրդի շրջանում տարակուսանք առաջացնել, որովհետև առանց այն էլ բավական անորոշ վիճակում ենք գտնվում և չգիտենք՝ ինչ է մեզ սպասում վաղը, մյուս օրը:

Շատ վտանգավոր կլինի, եթե մենք նման հայտարարությունները անենք պառակտելու համար, որովհետև այս փուլում մեզ համար ամենավտանգավոր հարցը դա է: Արցախից հնչած հայտարարությունները պետք է դիտարկել զուտ դիրքորոշման ճշգրտման տեսանկյունից՛՛,-իր տեսակետը հայտնեց ԱՀ ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ՛՛Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից՛՛՝ Հարությունյանը նշեց, որ, իր կարծիքով,նման ձևակերպումը ճիշտ չէ: ՛՛Օրինակ, միայն բյուջեի մասով Հայաստանի օգնությունը շատ մեծ է: Այս տարի մեր երկրի բյուջեն շատ ավելի մեծ է, քան եղել է մինչ այժմ: Եվ դա շնորհիվ Հայաստանի աջակցության:

Չեմ կարծում, որ դա ճիշտ ձևակերպում է, որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին: Դա ձեռքեր լվացողի պահվածք չէ, էլի: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ համագործակցության ցանկություն կա՛՛,-ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ներքաղաքական գործընթացից էր բխում և պատասխան էր ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների:

՛՛Երկու կողմից էլ շոշափվեց Արցախը, և, այսպես ասած, տուժողը մենք եղանք: Այդ առումով խորհրդարանի արձագանքը ճիշտ էր, երբ մենք արձանագրեցինք՝ ինչն է ընդունելի Արցախի համար:

Մենք այդ հայտարարությամբ նաև մյուս քաղաքական ուժերին ու գործիչներին կոչ ենք արել, որ իրենք էլ զսպվածություն ցուցաբերեն Արցախի հարցով տարբեր տեսակետներ հայտնելուց և Արցախն անընդհատ բախումների առարկա չդարձնեն: Սա ինչու եմ ասում, որովհետև վերջին շրջանում Արցախը շատ ակտիվ է օգտագործվում միմյանց մեղադրելու համար: Երբեմն ընդդիմադիր պատգամավորների կողմից տեսակետներ են հնչեցվում, որոնք մեզ համար անընդունելի են:

Օրինակ՝ ասում են՝ Արցախն այլևս չկա, մենք կորցրինք Արցախը: Ի՞նչ է նշանակում Արցախը գոյություն չունի, նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունը: Այդպես խոսում է նաև Իլհամ Ալիևը: Այնպես չէ, որ միայն վարչապետի հայտարարությունն է մեր վրդովմունքն առաջացնում: Մենք համարում ենք, որ Արցախը չպետք է դարձնել ներքաղաքական պայքարում դիրքավորվելու առարկա՛՛,-նշեց Արամ Հարությունյանը:

  • Կիսվել: