կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն ճանապարհով, որով Օսկանյանը գնացել է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է․ Պապոյան

Այն ճանապարհով, որով Օսկանյանը գնացել է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է․ Պապոյան

Փաստորեն Վարդան Օսկանյանը 10-15 տարի Ղարաբաղի հարցը ինքնորոշման եղանակով չէր կարողանում լուծել, վերջին երեք ամիսը նրան դավադրաբար Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն տվել, որպեսզի դա անի՞: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իրեն թող տան 3 ամիս բանակցելու լիազորություն եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը լռի, ինքը կկարողանա հայանպաստ լուծման բերել բանակցությունները:

«Վարդան Օսկանյանը 10 տարի եղել է ԱԳ նախարար, որքան գիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ 5-7 տարի եղել է ԱԳ փոխնախարար՝ ԼՂ հարցում ներգրավված. փաստորեն Վարդան Օսկանյանին 15 տարի երեք ամիս էր պետք: Լեւոն տեր-Պետրոսյանը նրան տվել էր 5 տարի, ռոբերտ Քոչարյանը՝ 10 տարի եւ այդ վերջին երեք ամիսը ոչ ոք իրեն չի տալիս, որ Ղարաբաղի հարցը լուծե՞ր: Սա աբսուրդ է, սա ի՞նչ հիմարություն է»,-ասաց նա:

Անդրադառնալով Օսկանյանի մեկ այլ հայտարարությանը, թե եթե Ստեփանակերտը բանակցի Բաքվի հետ, դա կնշանակի, որ մենք այլեւս չունենք Արցախ, Գեւորգ Պապոյանն ասաց. «Երբ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ հիմնական դերակատարն է եղել, դրա արդյունքում տեսանք, որ դիվանագիտորեն որեւէ լուծման հասնել հնարավոր չի եղել, այդ թվում Վարդան Օսկանյանի օրոք: Ես հավատում եմ, որ Վարդան Օսկանյանն ուզեցել է հայանպաստ լուծում գտնել հարցին, բայց չի կարողացել:

Դա նշանակում է, որ այն ճանապարհով, որով Օսկանյանը գնացել է, որի մասին այսօր խոսում է, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այդ ճանապարհը տարել է պատերազմի, հիմա եթե ինքն ուզում է  3 ամիս էլ գա ու եւս մեկ պատերազմ ստանանք, ես Վարդան Օսկանյանին դա թույլ չեմ տա: Որովհետեւ պատերազմներին, սովորաբար, Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում, մասնակցում են մեր խեղճուկրակ ժողովրդի երեխեքը: Ես թույլ չեմ տա Վարդան Օսկանյանին եւ տարատեսակ թղթեր ստորագրողներին եւս մեկ պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

 

  • Կիսվել: