ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարեւան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց սկզբից. Աշոտ Ղուլյան

Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարեւան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց սկզբից. Աշոտ Ղուլյան

Ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվեր մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել: Այս մասին այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Արցախի Աժ նախագահն իր ելույթում նշել է․

«Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ եւ արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգություն, ամեն անգամ հաղթահարելով իր ցավը: Այն ինչ տեղի է ունեցել Բաքվում 1990-ին, հանցագործություն է մարդկության դեմ, կազմակերպված եւ իրագործված հարեւան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իր բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական եւ այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների եւ ջարդի, որի հետեւանքով հարյուրավորները զոհվել են, իսկ հազարավորները տեղահանվել ու արտաքսվել: Այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարեւան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց սկզբից:

Այդ գործողությունները մաս էին կազմում 1988-ին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ  դրսեւորվել է 1988-ի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին գանձակ-Կիրովաբադում, իսկ 1990-ին՝  Բաքվում: Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը, հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու եւ իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով:

Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի ոլորտներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսեւորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմում հանդես գալ հայ երգչուհուն հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված եւ պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք:

Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համառ ջանքերի ֆոնին, միաժամանակ խլացվում են հայ եւ այլ ազգերի մշակութային ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները: Պատահական չէ, որ 1990-ի ողբերգական օրերի զոհերն էին ոչ միայն հարյուր հազարավոր հայերը, այլեւ բաքվում գործող հայկական մշակութային արժեքները, որոնցից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրդեհվել է Բաքվի ջարդերից ընդամենը օրեր առաջ, իսկ հազարավոր խաչքարեր ու գերեզմաններ ուղղակի ոչնչացվել են:

20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որեւէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված եւ Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել եւ պատերազմի շեմին կանգնած եւ սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ միասին իր ուսերին էր վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու եւ կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը:

Արցախի հանրապետությունը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին ու խորհրդարանական կառույցներին իրավական գնահատական տալ տեղի ունեցածին եւ կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը:

Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին  եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-հայտարարեց Աշոտ Ղուլյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: