հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այն, որ ԱՄՆ-ն մայիսի 28-ին չի շնորհավորում Հայաստանին, դիվանագիտական սխալ է, որը միշտ եղել է․ Սուրեն Սարգսյան

Այն, որ ԱՄՆ-ն մայիսի 28-ին չի շնորհավորում Հայաստանին, դիվանագիտական սխալ է, որը միշտ եղել է․ Սուրեն Սարգսյան

«Հետաքրքիր է չէ՞ Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով, բայց 1918-1920թթ. միայն Հայաստանի Հանրապետությունն է Վաշինգտոնում դեսպանություն ունեցել»,- այսօր նման գրառում էր կատարել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

InfoPort.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանը դիվանագիտական սխալ է համարեց այն, որ օրինակ՝ Ամերիկայի Միացյալ նահանգները մայիսի 28-ին չեն շնորհավորում Հայաստանին այնպես, ինչպես նույն օրը շնորհավորում են Ադրբեջանին, իսկ դրանից մեկ օր առաջ՝ Վրաստանին։

«Շատ ավելի ակտիվ էր պետք աշխատել, որ Միացյալ Նահանգներում ընկալում լիներ, որ մեզ համար մայիսի 28-ը նույնպես տոն է, ինչպես մայիսի 27ը՝ Վրաստանի ու մայիսի 28-ը Ադրբեջանի քաղաքացիների համար։ Կարելի էր Հայաստանի Հանրապետությանը շնորհավորել ոչ միայն սեպտեմբերի 21-ին, այլ նաև մայիսի 28-ի կապակցությամբ։ Օրինակ՝ Ադրբեջանին տարվա ընթացքում մի քանի անգամ շնորհավորում են, այդ թվում՝ Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախության կապակցությամբ։ Այնպես որ, կարծում եմ, որ պետք էր նաև մեզ շնորհավորել», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, նման վերաբերմունք եղել է միշտ, ինչը դիվանագիտական բացթողում է և պետք է շտկել։ «Այդպես եղել է միշտ և կարծում եմ՝ դա ճիշտ չէ ու դիվանագիտական բացթողում է, որը  պետք է շտկել», - հավելեց քաղաքագետը։

Հարցին, թե ինչ ուղիներով այսօր կարելի է շտկել նախկինից եկած սխալը, Սարգսյանը պատասխանեց․

«Ընդամենը դիվանագիտական խողովակներով պետք էր փոխանցել, որ այդ տոնը ոչ միայն Ադրբեջանի ու Վրաստանի Հանրապետության տոն է, այլ նաև Հայաստանի Հանրապետության տոն է, և Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասի երեք պետություններից միակն է եղել, որ 1918-20 թվականներին դեսպանություն է ունեցել Վաշինգտոնում, իսկ այսօր Վաշինգտոնը շնորհավորում է միայն Վրաստանին ու Ադրբեջանին, որոնք առաջին հանրապետության օրոք Վաշինտոնում դեսպանություն չեն ունեցել»։

Նկատենք, որ Սուրեն Սարգսյանի հորեղբայրը` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014-2016 թթ․ ԱՄՆ ում ՀՀ դեսպան է եղել:

Նշենք, որ այսօր InfoPort-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը հիշեցրել է, որ անկախացումից ի վեր օտարերկրյա առաջնորդները շնորհավորել են Հայաստանի անկախության տոնի արթիվ` սեպտեմբերի 21-ին, քանզի Վրաստանում և Ադրբեջանում Անկախության օրերը ԽՍՀՄ փլուզումից հետո պատմականորեն, ավանդույթի ուժով վերականգնվեցին և նշվում է առաջին հանրապետության անկախության օրը։ Բայց Հայաստանում 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն համարելով անկախության հիմքը, հենարանը, այդ օրը հռչակեցին անկախության օր: Հետո որ խնդիր չծագեր սկսեցին մայիսի 28 նշել որպես Առաջին Հանրապետության օր:

  • Կիսվել: