հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օտարերկրյա առաջնորդները ավանդաբար Հայաստանին շնորհավորում են սեպտեմբերի 21-ին` անկախության օրը. պատմաբան

Օտարերկրյա առաջնորդները ավանդաբար Հայաստանին շնորհավորում են սեպտեմբերի 21-ին` անկախության օրը. պատմաբան

1918 թվականի մայիսի 18-ը պատմական շրջադարձ նշանավորեց այն իմաստով, որ վերականգնվեց հայկական պետականությունը և նորագույն ժամանակաշրջանում հայոց պետականության վերաստեղծման հիմքերը դրեց, InfoPort.am-ի հետ զրույցում մայիսի 28-ի խորհուրդը ներկայացրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։

Նրա խոսքով, Հայաստանի երկրորդ Հանրապետությունը դարձավ առաջին Հանրապետության ուղղակի իրավահաջորդը՝ իր վարչական, իրավաքաղաքական համակարգով այլ հարթության վրա։

«Առաջին Հանրապետությունը կյանքի կոչեց երկրորդ Հանրապետությունը, որն էլ դարձավ այն հենարանը, որի հիմքի վրա ստեղծվեց երրորդ հանրապետությունը։ Այնպես որ, 1918 թվականի մայիսի 28-ի խորհուրդը նորագույն դարաշրջանում Հայոց պետականության վերականգման իրողությունն է», - հավելեց Մելքոնյանը։

Հայաստանի տոնական օրացույցում Անկախության 2 օր կա, և խոշոր գերտերությունները, դաշնակից պետությունները մեր երկրին անկախության օրվա առթիվ շնորհավորում են սեպտեմբերի 21-ին և ոչ թե մայիսի 28-ին, ինչպես Վրաստանին, Ադրբեջանին։

«Վրաստանում և Ադրբեջանում Անկախության օրերը ԽՍՀՄ փլուզումից հետո պատմականորեն, ավանդույթի ուժով վերականգնվեցին և նշվում է առաջին հանրապետության անկախության օրը։ Բայց Հայաստանում 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն համարելով անկախության հիմքը, հենարանը, այդ օրը հռչակեցին անկախության օր, թեպետ, իմ կարծիքով Հայաստաի անկախության օրը պետք է լիներ մայիսի 28-ը, իսկ սեպտեմբերի 21-ը կոչվեր անկախացման օր։ Հետո որ խնդիր չծագեր հորինեցին Առաջին Հանրապետության օր, որը դարձավ մայիսի 28-ը, իսկ սեպտեմբերի 21-ը Անկախության օր», - ներկայացրեց Աշոտ Մելքոնյանը։

Հարցին՝ սխա՞լ է համարում դա, պատմաբանը արձագանքեց «Դե անցել է հիմա ինչ եղել, եղել է, բայց ժամանակին սխալ թույլ տրվեց, դե բնական է, այն ժամանակվա անկախության պայքարի առաջնագծում հայտնված քաղաքական ուժը՝ Հայոց Համազգային շարժումը, ուզեց, որ անպայմանորեն այդ դափնին պատկանի իրեն, և սեպտեբերի 21-ը մատնանշեցին որպես Անկախության օր, իսկ մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օր։ Համարժեք ձևով այդ շնորհավորանքները օտար պետությունների ղեկավարներից մենք ստանում ենք սեպտեմբերի 21-ին»։

Նա նույնիսկ մի դեպք պատմեց․ «2001-ին ես Մոսկվայում մի գիտաժողովի էի մասնակցում, որը բացվեց հենց մայիսի 28-ին։ Բացման ժամանակ ադրբեջանցիներին շնորհավորեցին, մեզ չշնորհավորեցին մայիսի 28-ի կապակցությամբ, և մենք դժգոհություն հայտնեցինք։ Այն ժամանակվա ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովը պատճառաբանեց, որ դուք եք մեղավոր, դուք ձեր անկախության օրը սեպտեմբերի 21-ն եք համարում, մենք այն ժամանակ կշնորհավորենք։ Այ դրա համար մեզ մոտ նման իրավիճակ է ստեղծվել։ Բայց ես դեմ չեմ, որ մայիսի 28-ը կոչվի Առաջին Հանրապետության օր, սակայն իրականության մեջ դա Հայաստանի անկախության վերականգնման օրն է»։

Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանին, ըստ պատմաբանի, հնարավոր չէ այն դուրս դնել հայոց պատմությունից, քանզի դա էր իրականությունը և բացի այդ, Խորհրդային Հայաստանը պահպանեց պետականության մոդելը՝ իր սահմաններով, Սահմանադրությամբ, խորհրդանիշներով, իշխանության մարմիններով, ընտրական համակարգով և այլն։

«1918 թվականի մայիսի 28-ի խորհուրդը պետականության մեկ ընդհանուր շղթայի մեջ է՝ մայիսի 28-ից մինչև այսօր»,- ընդգծեց պատմաբանը։

  • Կիսվել: