հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այն մոդելը, որը մենք կիրառել ենք Ախթալայում, ավելի մեծ մասշտաբում անելու ենք խոշորացված Ալավերդի համայնքում․ Արկադի Թամազյան․ «Հրապարակ»

Այն մոդելը, որը մենք կիրառել ենք Ախթալայում, ավելի մեծ մասշտաբում անելու ենք խոշորացված Ալավերդի համայնքում․ Արկադի Թամազյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ալավերդում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը, եւ համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չէր ստացել` «Ապրելու երկիրն» ու ընդամենը մեկ մանդատ ունեցող ՀԱԿ-ը համաձայնության եկան՝ կոալիցիա ձեւավորեցին եւ համայնքապետ ընտրեցին Թամազյանին։ Մոտ 47 տոկոս ձայն հավաքած ՔՊ-ն, որի թեկնածուն պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, դարձավ ընդդիմություն։ Մինչեւ ավագանու նիստը ՔՊ-ն ճնշումներ էր գործադրում «Ապրելու երկիր»-ի ավագանու անդամների նկատմամբ, որ տապալեն Թամազյանի ընտրությունը, բայց դրանք արդյունք չտվեցին։

Արկադի Թամազյանը, ով մինչ այդ Ախթալայի համայնքապետն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, թիմակիցներին, այո, փորձել են ճնշել։ «Բայց մեր ավագանու անդամները պարկեշտ, նորմալ մարդիկ են՝ իրենց սկզբունքներին միշտ հավատարիմ, եւ ընտրություններն անցան նորմալ՝ առանց որեւիցե միջադեպի»,- ասաց Թամազյանը։

- Իսկ ՀԱԿ-ի հետ հեշտությա՞մբ եկաք համաձայնության, որ կոալիցիա ձեւավորեք։

- Դե, քաղաքական որոշում է, ամեն դեպքում, եթե 50 տոկոսից ավելին չենք հավաքել, քաղաքական որոշում կայացվեց՝ համատեղ կառավարել համայնքը։ Այսինքն՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները մի քանի վարչական շրջաններում կնշանակվեն ղեկավար, նաեւ երկու տեղակալները կլինեն ՀԱԿ-ից։  

- ՀԱԿ-ի 1 մանդատը, փաստորեն, բավականին թանկ է նստել ձեզ վրա։

- Դե, հիմա, եթե լինեինք 50 պլյուս, էդ ժամանակ արդեն որոշումն այլ կլիներ, ձեւաչափն այլ կլիներ։ Քանի որ չենք ունեցել մեծամասնություն, քաղաքական որոշում պիտի կայացնեինք․ դա էր որոշումը։

- Իրենց պայմա՞նն է դա եղել, որ այդ ձեւաչափով պիտի կառավարեք համայնքը։

- Համատեղ որոշում է եղել, կարող է եւ նույնիսկ ՔՊ-ն, օրինակ, ավելին էր առաջարկել ՀԱԿ-ին։

- ՔՊ-ի թեկնածու Արեն Մկրտչյանը բուռն քարոզարշավ էր իրականացնում՝ գոնե ֆեյսբուքյան մակարդակով, եւ տպավորություն էր, թե ՔՊ-ն պետք է միանշանակ հաղթի։ Ինչպե՞ս ստացվեց, որ պարտվեց, ավելի շատ ձայն տվեցին ձեր թիմին։

- Նախ՝ մեր արած աշխատանքը, տասը տարվա փորձը, եւ մենք երբեւիցե ժողովրդին որեւիցե խոստում չենք տվել, խոստումներից արդեն մարդիկ հոգնել են, մենք ընդամենը ասել ենք սա, որ մենք ունենք անցած ճանապարհ, կատարած աշխատանք։ Եթե կգնահատեք մեր կատարածը, կընդունեք, ուրախ կլինենք՝ շարունակել եւ ծառայել մյուս հինգ տարին արդեն իսկ Ալավերդի խոշորացված համայնքում։

- Ամեն դեպքում, շատ մոտ էին ձեր եւ ՔՊ-ի ձայները, ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ն էլ այդքան մեծ թվով ձայներ ստացավ։

- Ես կասեմ ավելին՝ ժողովուրդը վստահեց մեզ, քանի որ մենք 235 ձայն ավելի էինք տարել, եւ, վերջիվերջո, պատկերացնո՞ւմ եք՝ իշխանության ներկայացուցիչն է եղել, որն ԱԺ պատգամավոր է, եւ, այդ իսկ պատճառով, ես չէի ասի, թե շատ մեծ վստահություն են ունեցել։

- Այսինքն՝ ավելի շատ վարչական ռեսուրսի, իշխանական լծակների՞ գործադրման արդյունք էին իրենց  քվեները։

- Պետական լծակները չէի ասի, թե կիրառել են, բայց, ամեն դեպքում, պետությունը, իշխանության ներկայացուցիչը միշտ ինչ-որ տեղ ինչ-որ ազդեցություն ունենում են ընտրություններին։

- Այսինքն՝ ինչպես նախկինների օրոք էր լինում, որ ՀՀԿ-ի թեկնածուները հաղթում էին, որովհետեւ վարչական ռեսուրս էին կիրառում, այնպես էլ հիմա է՝ ՔՊ-ի դեպքում։

- 2017 թվականին նույն ձեւաչափով ՀՀԿ-ն է եղել իշխանություն, նորից ունեցել են իշխանության թեկնածու, բայց Ախթալա խոշորացված համայնքում էլի հաղթել ենք ես ու մեր թիմը։ ՀՀԿ-ն ուներ իր թեկնածուն, իսկ ես ինքնառաջադրվել էի։

- Արեն Մկրտչյանը հիացած էր Ձեր աշխատանքով՝ մինչեւ ընտրապայքարը։ Երբ որպես պատգամավոր այցելում էր մարզ, Ձեզ հետ լուսանկարվում էր, ասում էր, որ Դուք մարզի լավագույն համայնքապետերից եք։ Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք մրցակիցներ, եւ Արենը որոշեց ցեխ շպրտել Ձեզ վրա։

- Դե, քաղաքական պայքարի ժամանակ լինում են նմանատիպ բախումներ, արդեն իսկ դառնում եք ոչ ցանկալի անձ, քանի որ մրցակիցներ եք, բայց էդ հարցը երեւի պիտի իրեն տաք։

- Իսկ ինչպիսի՞ն էին Ձեր հարաբերություները ՔՊ-ի, այդ թվում՝ Արեն Մկրտչյանի հետ, մինչեւ ընտրությունները։

- Շատ նորմալ, շատ մարդկային եւ աշխատանքային։ Ես երբեւիցե թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ որեւիցե խնդիր չեմ ունեցել՝ որեւիցե ձեւաչափով, ավելին՝ ակնկալում եմ նաեւ շարունակել նույնկերպ։

- Հարմարվող պաշտոնյաներից եք եղել՝ կարելի է ասել։

- Ես չէի ասի՝ հարմարվող, ես կասեի՝ ի շահ համայնքի աշխատող․․․ Իմ տեսակն էդ տեսակն է։

- ՔՊ-ի ավագանու անդամներն առաջին նիստին չմասնակցեցին, տեղյա՞կ եք՝ հաջորդ նիստերին մասնակցելո՞ւ են, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց հետ համագործակցությունը։

- Ես հուսով եմ՝ իրենք իրենց ձայն տված ժողովրդի մոտ հակակրանք չեն առաջացնի, քանի որ ժողովրդի որոշակի մասը վստահել է իրենց։ Հուսով եմ՝ այն մանդատները, որոնք ունեն, կծառայեցնեն ի շահ ժողովրդի, ինչո՞ւ չէ՝ նաեւ կհամագործակցեն, իսկ եթե նույնիսկ չեն համագործակցում, գոնե ավագանու նիստերին ներկա կլինեն։

- Ունե՞ք հստակ ծրագիր, թե առաջիկա տարիներին Ալավերդիում ինչ աշխատանքներ եք իրականացնելու, Ալավերդին Լոռու մարզի երեւի ամենաանմխիթար վիճակում գտնվողներից է՝ շատերի տպավորությամբ։

- Ես միշտ ասել եմ՝ էն մոդելը, որը մենք կիրառել ենք, էն մակետը, որը կառուցել ենք Ախթալա խոշորացված համայնքում, ավելի մեծ մասշտաբում անելու ենք խոշորացված Ալավերդի համայնքում։ Ախթալան թե՛ կառավարության, թե՛ մարզպետարանի, թե՛ ժողովրդի համար միշտ շատ գովելի եւ օրինակելի համայնք է եղել, եւ այդ մոդելը պիտի անենք նաեւ Ալավերդու համար։

- 5 տարի հետո, երբ նորից համապետական ընտրություններ լինեն, Դուք, լինելով քաղաքային իշխանություն, փորձելո՞ւ եք Ձեր այս հաղթանակը եւ ռեսուրսներն օգտագործել, որ ձեր քաղաքական ուժը գա իշխանության։

- Ժամանակից առաջ չընկնենք, կգա ժամանակը, էդ հարցն արդիական կլինի, ես կպատասխանեմ։ Բայց մենք ունենք նաեւ կուսակցական նպատակներ, ամեն դեպքում, ես էս պահին հանդես եմ գալիս որպես «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ։ Բայց դեռ կուսակցական չեմ։

- Իսկ մտադի՞ր եք անդամակցել «Ապրելու երկիր» կուսակցությանը։

- Ժամանակը կգա՝ ամեն ինչ տեղը կընկնի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: