կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, որակվում է որպես էթնիկ զտում. Վիենի քաղաքապետ

Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, որակվում է որպես էթնիկ զտում. Վիենի քաղաքապետ

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին:

Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես սա որակում են որպես էթնիկ զտում: 

«Այն, ինչ դուք այստեղ արել եք մի քանի օրվա ընթացքում՝ տեղահանվածներին ձեր մարզում ընդունելով, մեզ դրականորեն զարմացրել է, և պետք է նշել, որ յուրաքանչյուր նման իրադարձություն ազդակ է՝ հայ- ֆրանսիական կապն ավելի ամրացնելու և Ֆրանիսայի կողմից աջակցությունն ավելացնելու համար»,- նշել է Թիերի Կովաքսը:

Հենց այս համատեքստում մեկ օր առաջ, պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է նրա առաջարկած բանաձևը, ըստ որի Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո:

Այս աշխատանքային այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել այն ոլորտներն ու կարիքները, որոնց կուղղվեն հատկացվող միջոցները: Պարոն Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանին փոխանցեց Լ. Վոքիեի պաշտոնական նամակը, որը մարզպետին և Սյունիքին աջակցելու վերահաստատումն է։

Մարզպետ Ղուկասյանն իր շնորհակալությունը հայտնեց զգալի ֆինանսական օժանդակության հատկացման համար և կարևորեց այն փաստը, որ ռեգիոնի նախաձեռնությամբ մինչև գարուն Սյունիքի բոլոր յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Ֆրանսիայում:

«Հրաշալի է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նաև մարզային ու համայնքային մակարդակում են ամրանում, ինչը խոսում է այն մասին, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում և, որ մեր երկկողմ նպատակները նույնական են», - ասել է մարզպետ Ղուկասյանը:

Բանագնացների այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում մարզի համայնքների ղեկավարների հետ:

  • Կիսվել: